ՀՀ Անկախության տոնի առթիվ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորական ուղերձ է հղել վարչապետ Նիկոլ Փաշինյանին։ ՌԴ նախագահն իր խոսքում նշել է Հայաստանի հետ բարեկամական, դաշնակցային հարաբերությունների կարևորությունը։
«Կարևոր է, որ մեր երկրները հաջողությամբ փոխգործակցում են տարբեր ոլորտներում, համակարգում ջանքերը ԵԱՏՄ-ի, ՀԱՊԿ-ի, ԱՊՀ-ի և այլ բազմակողմ կառույցների շրջանակներում։ Վստահ եմ, որ կառուցողական երկկողմ կապերի հետագա զարգացումը բխում է ռուս և հայ ժողովուրդների հիմնարար շահերից, իսկ 2020 և 2021 թվականներին կնքված եռակողմ հայտարարությունների հետևողական իրականացումը լավ հիմք է Անդրկովկասում երկարաժամկետ խաղաղության և անվտանգության ապահովման համար»,- ասված է ուղերձում։
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ևս շնորհավորել է ՀՀ Անկախության տոնի առթիվ՝ ուղերձ հղելով ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանին: Ֆրանսիայի նախագահը շեշտել է, որ երկու երկրների միջև բարեկամությունը հին է և ամուր։
«Հայաստանը կարող է ապավինել Ֆրանսիայի լիակատար աջակցությանը ժողովրդավարության և օրենքի գերակայության ամրապնդմանն ուղղված իր ջանքերում։ Ֆրանսիան հաստատակամ է շարունակել իր գործունեությունը՝ հօգուտ ձեր տարածաշրջանում կայունության, խաղաղության և բարգավաճման։ Ֆրանսիան վճռականորեն օժանդակում է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացին և ԼՂ հակամարտությանն առնչվող և դրանից բխող հարցերի կարգավորմանը։ Ֆրանսիան իր աջակցությունն է ցուցաբերում ի նպաստ Եվրամիության ջանքերի՝ առաջ մղելու կողմերի միջև երկխոսությունը՝ միաժամանակ մնալով լիովին հանձնառու Մինսկի խմբի համանախագահի իր դերում»,- ասված է ուղերձում։
Մակրոնը հավելել է, որ այս առումով Հայաստանը կարող է ապավինել իր անձնական հանձնառությանը։