Երևանի քաղաքապետարանը մտադիր է մասնավոր ներդրումներով ավարտել Երևանում «Կասկադ» ճարտարապետական և մոնումենտալ համալիրի շինարարությունը և ավարտված հատվածում տեղադրել Ժամանակակից արվեստի թանգարանի շենքը, կառուցել ամֆիթատրոն։ Համապատասխան որոշումն ընդունվել է Ավագանու արտահերթ նիստում:
Ինչպես նիստի ժամանակ ասել է Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը՝ այժմ Ժամանակակից արվեստի թանգարանը գտնվում է Մաշտոցի պողոտայում, մի շատ անհարմար տեղում: Հետագայում Կասկադում կլինի թանգարանի նոր մասնաշենքը, որը կակտիվացնի մշակութային կյանքն ու իրեն արժանի տեղ կունենա: Բացի այդ, թանգարանն ունի բազմաթիվ նմուշներ, որոնց ցուցադրությունը հնարավոր չէ իրականացնել փոքր տարածքի պատճառով:
«Կասկադին հարող աջակողմյան 8 հեկտար տարածքն ու ձակախողմյան 50 մետր լայնությամբ հողամասերն ամբողջությամբ անցնում են Երևան համայնքի ենթակայության տակ: Բարեկարգվելու են այդ հատվածներն ամբողջությամբ»,- ասել է քաղաքապետը:
Հողը Գաֆեսճյան արվեստիի կենտրոնի կողմից համայնքին վերադարձնելը հնարավորություն և իրավասություն կտա, որպեսզի քաղաքապետարանը հայտարարի մրցույթ և անցնի աշխատանքների: