Հայաստանի նախկին ԱԳՆ Զոհրապ Մնացականյանն իր վերաբերմունքն է հայտնել Բելառուսի ԱԳ նախարարի՝ Փելոսիի այցի մասին հնչեցրած կարծիքի մասին:
«Բելառուսի արտաքին գործերի նախարարն իր կարծիքն ունի Նենսի Փելոսիի՝ Հայաստան այցի մասին։ Վատ և անտեղի: Հայաստանը շատ վերապահումներ ունի Ադրբեջանի նկատմամբ Բելառուսի չափից ավելի սրտացավության նկատմամբ, որը հաճախ ի վնաս մեզ է»,- թվիթերյան իր միկրոբլոգում գրել է նա։
Այսպես կոչված «արևմտյան բազեների» այցելությունները ՀԱՊԿ երկրներ չեն նպաստում հակամարտությունների կարգավորմանը, այլ ընդհակառակը՝ սրում են դրանք։ Լրագրողների հետ զրույցում
ասել էր Բելառուսի արտաքին գործերի նախարար Վլադիմիր Մակեյը:
«Բավական է միայն հիշել նրա այցը Թայվան, որից հետո տեղի ունեցավ տարածաշրջանում իրավիճակի կտրուկ սրում։ Այն մարդիկ, ովքեր եկել են, մասնավորապես, Երևան, բացարձակապես շահագրգռված չեն, որ մեր կազմակերպությունը լինի արդյունավետ։ Ավելին, նրանք ներկայացնում են այն երկրների մի ամբողջ ճամբար, որոնք նախկինում շահագրգռված էին, որպեսզի Խորհրդային Միության պարագծով գոյություն ունենան լարվածության մշտական օջախներ, իսկ այժմ՝ Ռուսաստանի պարագծով, որը նրանք դիտարկում են որպես գլխավոր հակառակորդ։ Ապավինել արտաքին հորեղբայրներին, մորաքույրներին հազիվ թե տեղին է»,- նշել էր նա:
Հիշեցնենք, որ Հայաստան կատարած այցի ընթացում Փելոսին մի շարք կարևոր հանդիպումներ ունեցավ ՀՀ բարձրաստիճան պաշտոնատար անձանց հետ։