ՀՀ ԶՈւ ԳՇ պետի տեղակալ Առաքել Մարտիկյանը ՀՀ-ում հավատարմագրված օտարերկրյա դեսպանների հետ հանդիպմանը ներկայացրել է օպերատիվ իրավիճակը ՀՀ սահմաններում։
«Ներկա դրությամբ իրավիճակը շփման գծում հանգիստ է, բացառությամբ մի քանի կրակոցների։ Վերջին խոշոր հրադադարի խախտումը տեղի է ունեցել երեկ առավոտյան՝ Ջերմուկում, որտեղ հակառակորդը կիրառել է 82 մմ-անոց ականանետ և ԱԹՍ-եր, որի արդյունքում մենք ունեցել ենք 3 զոհ»,-նշեց Մարտիկյանը։
«Նոյեմբերի 10-ի համաձայնագրից հետո սա արդեն երրորդ նման լայնամասշտաբ գործողություններ էր՝ ուղղված մեր բնակեցված ուղղություններին, որտեղ կա քաղաքացիական բնակչություն»,- նշեց ԳՇ պաշտոնյան՝ հերքելով ադրբեջանական կողմի տարածած հաղորդագրությունները, թե իբր հայկական կողմն է սադրանքի դիմել։ «Հայկական կողմից ոչ մի նման միջոցառում ոչ պլանավորված, ոչ էլ նախատեսված չի եղել, քանի որ դա հակասում է մեր ռազմաքաղաքական ղեկավարության հրամաններին»։
Հիշեցնենք, որ ավելի վաղ ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտնել էր, որ սեպտեմբերի 13-ի կեսգիշերից ադրբեջանական զինուժը հրետանու և անօդաչու թռչող սարքերի կիրառմամբ գնդակոծում է Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերը: Ըստ ՀՀ ԱԽ հայտարարության՝ ագրեսիայի հետևանքով զոհվածների և անհետ կորածների թիվը հասնում է 207-ի, այդ թվում՝ զոհվել է քաղաքացիական 3 անձ, 2 քաղաքացիական անձի գտնվելու վայրը համարվում է անհայտ, վիրավորվել է 293 զինծառայող, 3 քաղաքացիական անձ, գերեվարվել է 20 զինծառայող: