Հոկտեմբերի 2֊ին աշխատանքային այցով Ժնևում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել ԵԱՀԿ Մինսկի խմբի ԱՄՆ համանախագահ, Կովկասյան բանակցությունների հարցերով ավագ խորհրդական Ֆիլիպ Ռիքերի հետ։ Այս մասին հայտնում են ԱԳՆ մամուլի ծառայությունից։
ԱԳ նախարարը ներկայացրել է ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ Ադրբեջանի վերջին ռազմական ագրեսիայի մանրամասները, կարևորել դրա հետևանքների վերացման և նոր ագրեսիաների կանխման գործում միջազգային գործընկերների կողմից հստակ քայլերի կատարումը, այդ թվում` միջազգային մեխանիզմների ներդրումը։
Անդրադառնալով Ադրբեջանի ԶՈՒ կողմից առանձնակի դաժանությամբ իրականացված պատերազմական հանցագործություններին, որոնց վերաբերյալ տեսանյութերն ադրբեջանական կողմը լայնորեն տարածում է սոցիալական ցանցերում` նախարար Միրզոյանն ընդգծել է, որ հայկական կողմը գործադրելու է բոլոր ջանքերը` մեղավորներին համարժեք պատասխանատվության ենթարկելու համար։
Հանդիպման ընթացքում զրուցակիցներն անդրադարձել են տարածաշրջանային անվտանգությանը և կայունությանը վերաբերող մի շարք հարցերի, մտքեր փոխանակել Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների, Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման վերաբերյալ:
Հիշեցնենք, որ ավելի վաղ ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտնել էր, որ սեպտեմբերի 13-ի կեսգիշերից ադրբեջանական զինուժը հրետանու և անօդաչու թռչող սարքերի կիրառմամբ գնդակոծում է Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերը: Ըստ ՀՀ ԱԽ հայտարարության՝ ագրեսիայի հետևանքով զոհվածների և անհետ կորածների թիվը հասնում է 207-ի, այդ թվում՝ զոհվել է քաղաքացիական 3 անձ, 2 քաղաքացիական անձի գտնվելու վայրը համարվում է անհայտ, վիրավորվել է 293 զինծառայող, 3 քաղաքացիական անձ, գերեվարվել է 20 զինծառայող: