Անհնար է խոսել խաղաղության մասին, մինչ կրակում են քեզ վրա, մինչ օկուպացնում են քո տարածքը։ Այս մասին ԵԽԽՎ աշնանային նստաշրջանում ելույթի ժամանակ ասել է ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ, ԵԽԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար Ռուբեն Ռուբինյանը։ Տեղեկացնում է ՀՀ ազգային ժողովի կայքը։
Ռուբինյանը նշել է, որ Հայաստանը հարձակման է ենթարկվել իր ավտորիտար հարևանի կողմից: Հարձակումը եղել է բոլորովին անհիմն և չարդարացված: Նա տեղեկացրել է, որ խաղաղ բնակիչներ են զոհվել, վնասվել են բնակավայրեր, քաղաքացիական ենթակառուցվածքներ:
«Ինչո՞ւ նման բան տեղի ունեցավ: Տեղի ունեցավ, քանի որ ագրեսորը նախկինում չդատապարտվեց: Վերջին նիստի ժամանակ այստեղ ես խոսում էի Հայաստանի ինքնիշխան տարածք ադրբեջանական հերթական ներխուժման մասին, որը տեղի էր ունեցել 2021թ.: Ես խոսում էի հայ ռազմագերիների մասին, որոնք դեռ պահվում են Ադրբեջանում: Նրանք մինչ օրս պահվում են այնտեղ: Հիմա՝ մի քանի ամիս անց, ունենք նոր ագրեսիա, նոր օկուպացիա, նոր ռազմագերիներ, նրանցից ոմանք սպանվել են, և կան կադրեր, որտեղ երևում է, որ նրանք գերեվարվելուց անմիջապես հետո մահապատժի են ենթարկվում ադրբեջանցիների կողմից: Այս ամենը տեղի ունեցավ, քանի որ ադրբեջանցիները նախկինում չեն դատապարտվել»,- ասել է Ռուբինյանը:
Նա նշել է, որ ադրբեջանական պատվիրակության ղեկավար Սամադ Սեիդովը պատրաստվում է ելույթ ունենալ և դիմել ադրբեջանական հին բարի ժխտողական ավանդույթին՝ ասելով, որ ադրբեջանական ագրեսիա պարզապես չի եղել: Նա պատրաստվում է ասել, որ բանախոսները սխալվում են, հայկական տարածք ներխուժում չկա, բայց Սեիդովի գործն այստեղ իր ավտորիտար կառավարության գործողությունները, անօրինական հանցագործություններն արդարացնել է:
«ԵԽԽՎ նախագահ պարոն Քոքսն ինձ և պարոն Սեիդովին հրավիրել էր հանդիպել Փարիզում՝ Մշտադիտարկման հանձնաժողովի նիստի շրջանակում: Այդ հանդիպումը նախատեսված էր սեպտեմբերի 15-ին: Ինչո՞ւ այն տեղի չունեցավ: Շատ պարզ պատճառով. հանդիպումից երկու օր առաջ իմ երկիրը հարձակման ենթարկվեց Ադրբեջանի կողմից, ու ես չգնացի Փարիզ: Խաղաղության մասին խոսել հնարավոր է, երբ քո գործընկերները ցանկանում են խոսել խաղաղության մասին: Անհնար է խոսել խաղաղության մասին, մինչ նրանք կրակում են քեզ վրա, մինչ նրանք օկուպացնում են քո տարածքը»,- ասել է Ռուբինյանը։
Նրա խոսքով՝ գործընկերներից շատերը չեն ցանկանում այս կամ այն կողմը բռնել, երբ խոսքը վերաբերում է Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը, բայց հիմա ա այն դեպքն է, երբ ավտորիտար իշխանությունը հարձակվում է իր դեմոկրատ հարևանի վրա և օկուպացնում է նրա տարածքը, դա պետք է դատապարտվի: Ռուբինյանը շեշտել է, որ ադրբեջանական զորքերը պետք է անհապաղ հեռանան հայկական տարածքից, իսկ հայ ռազմագերիները պետք է ազատ արձակվեն: