Հարավային Կովկասի տարածաշրջանում երկարաժամկետ խաղաղություն հաստատելու Հայաստանի և միջազգային հանրության ջանքերը տորպեդահարվում են Բաքվի ռազմատենչ հռետորաբանությամբ և ռազմական գործողություններով։ Այս մասին Սամարղանդում ԱՊՀ Միջխորհրդարանական վեհաժողովի 54-րդ լիագումար նիստում ասել է Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը։
Սիմոնյանը հիշեցրել է, որ այս տարվա սեպտեմբերի 13-ին ադրբեջանական զինուժը, կոպտորեն խախտելով միջազգային իրավունքը և հրադադարի ռեժիմը, լայնածավալ ագրեսիա իրականացրեց Հայաստանի ինքնիշխան տարածքի դեմ, որի արդյունքում հայկական կողմն ունի հարյուրավոր զոհեր և վիրավորներ, անհայտ կորածներ և ռազմագերիներ, մի քանի հազար տեղահանվածներ, զգալի վնասներ են հասցվել քաղաքացիական ենթակառուցվածքներին, իսկ Հայաստանի ինքնիշխան տարածքի որոշ հատվածներ օկուպացվել են ադրբեջանական զինուժի կողմից։
Հայաստանի խորհրդարանի նախագահը նշել է, որ այս հարձակմանը նախորդել են 2021 թվականի մայիսին, հունիսին և նոյեմբերին ագրեսիայի ակտերը։
«Արձանագրվել են Հայաստանի ինքնիշխան տարածքում հայ անզեն ռազմագերիների գնդակահարման, բռնության, գերեվարված հայ զինծառայողների մասնատման սարսափելի դեպքեր: Ադրբեջանական սոցիալական ցանցերում տարածվել են հայ կին զինծառայողների մարմինների նկատմամբ խոշտանգումների եւ անարգանքի լուսանկարներ ու տեսանյութեր: Ցավոք, միջազգային հանրության կողմից դատապարտված այդ հանցագործությունները լայն հավանություն են ստացել ադրբեջանական հասարակությունում»,- ասել է Սիմոնյանը։
ԱԺ նախագահն ընդգծել է պատշաճ միջազգային հետաքննություն անցկացնելու և այդ հանցագործությունների մեղավորներին պատասխանատվության ենթարկելու անհրաժեշտությունը։
Նրա խոսքով՝ միջազգային ու տարածաշրջանային կառույցների կողմից միանշանակ ու հասցեական արձագանքի բացակայությունը թույլ տվեց Ադրբեջանին շարունակել իր ագրեսիվ քաղաքականությունը։
Ալեն Սիմոնյանն ընդգծել է Հայաստանի հանձնառությունը հարավկովկասյան տարածաշրջանում և ողջ ԱՊՀ-ում երկարաժամկետ և արդար խաղաղություն հաստատելու հարցում՝ միաժամանակ նշելով, որ Հայաստանի համար անընդունելի է սպառնալիքների և պարտադրանքի քաղաքականությունը։
«Արդյունավետ բանակցային գործընթացի համար անհրաժեշտ են կոնկրետ գործողություններ, այն է՝ Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքից ադրբեջանական զորքերի դուրսբերումը, հրադադարի ռեժիմի անվերապահ պահպանումը եւ բոլոր հայ ռազմագերիների ու պահվող այլ անձանց անհապաղ ազատ արձակումը»,- ասել է նա։
Նա հիշեցրել է, որ Հայաստանը դիմել է ՀԱՊԿ-ին՝ անհրաժեշտ, այդ թվում՝ ռազմական օգնություն ցուցաբերելու համար, որից հետո հրավիրվել է Հավաքական անվտանգության խորհրդի արտահերթ նիստ, ապա Հայաստան է ուղարկվել դիտորդական առաքելություն. նա արդեն ավարտել է իր աշխատանքը և ներկայացրել եզրակացություններ և առաջարկներ։
Ալեն Սիմոնյանն ընդգծել է, որ Հայաստանը հատկապես կարևորում է սահմանային իրավիճակի մոնիտորինգի և վերահսկման միջազգային մեխանիզմների ներդրումը` Ադրբեջանի կողմից նոր ագրեսիան կանխելու համար։
Պրահայում հոկտեմբերի 6-ին ձեռք բերված պայմանավորվածությունների արդյունքում Հայաստան է ժամանել ԵՄ քաղաքացիական դիտորդական առաքելության տեխնիկական խումբը։ Նաև Հայաստանի խնդրանքով և ԵԱՀԿ նախարարների խորհրդի համապատասխան փաստաթղթերի հիման վրա որոշում է կայացվել հայ-ադրբեջանական սահման ուղարկել ԵԱՀԿ դիտորդներ,- ասել է նա։