Ռուսաստանը պատրաստակամություն է հայտնել անվճար հացահատիկ և պարարտանյութ ուղարկել աֆրիկյան երկրներ, հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, նրա խոսքերը մեջբերում է Hürriyet թերթը։
Էրդողանի խոսքով՝ այս մասին նա պայմանավորվել է ՌԴ առաջնորդ Վլադիմիր Պուտինի հետ։ Թուրքիայի նախագահը նշել է, որ Պուտինն իրեն ասել ՝. «Եկեք հացահատիկն անվճար ուղարկենք կարիքավոր երկրներ։ Մենք համաձայնեցինք»։
Միևնույն ժամանակ, նա մեղադրել է Արևմուտքին, որը փորձում է մյուս երկրներին մարդասիրական դասեր տալ, սակայն անտեսում է Աֆրիկայում սովի խնդիրները։
«Մենք տեսնում ենք մտածելակերպ, որը Եվրոպան դարձրել է բարեբեր այգի՝ անտեսելով մյուս երկրները: Մենք գիտենք, թե ինչպես է այս խեղաթյուրված տեսակետը, որը բաժանում է մարդկանց ըստ իրենց լեզվի, մաշկի գույնի, աշխարհը տանում աղետի»,- հավելել է Էրդողանը:
Թուրքիայի նախագահը հատկապես ամոթալի է համարում արևմտյան կառույցների և երկրների՝ այս իրավիճակի հանդեպ անտարբերությունը։