Հրետակոծությունների ժամանակ Ջերմուկի ճոպանուղին ամբողջովին վնասվել է, չի գործում: Բնականոն կյանքը փոխվել է։ Այս մասին այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանը:
«Սեպտեմբերի 13-ին Ջերմուկի ժողովուրդն անակնկալի է եկել, ագրեսիվ պատերազմ է սկսվել ՀՀ-ի դեմ, հրետակոծվել է Ջերմուկ քաղաքը, և դա չէր կարող չանդրադառնալ խաղաղ պայմաններում ապրող ժողովրդի վրա։ Այս իրավիճակում բնակիչների մի ստվար զանգված տեղափոխվել են ապահով վայրեր»,- նշեց մարզպետը:
Նրա խոսքով՝ այդ ընթացքում Ջերմուկում մեծ թվով զբոսաշրջիկներ կային, որոնք տեղափոխվել են ապաստարաններ, քաղաքացիների գրեթե 70 տոկոսը լքել է քաղաքը, սակայն վերջին տվյալներով՝ արդեն բնականոն կյանքը փուլային վերականգնվել է, տուրիստական հոսքը նախկինի պես չկա, բայց բավականին աշխատանքներ են արվել, հարաբերական գոհացուցիչ է այս իրավիճակը։
Արարատ Գրիգորյանը տեղեկացրեց, որ դպրոցները, մանկապարտեզները գործում են: Նա հայտնեց, որ վնասների փոխհատուցման հետ կապված կառավարությունը երեք մարզերին 50-ական միլիոն դրամ է տրամադրվել, և քննարկում են այդ գումարի շրջանակներում փոխհատուցման վերաբերյալ հարցերը:
Անդրադառնալով ԵՄ դիտորդների ներկայությանը՝ մարզպետն ասաց, որ իրենց գտնվելը դրական ազդեցություն կունենա որպես զսպող մեխանիզմ, սակայն կրակոցերի հարցը հարաբերական է:
«Հրետակոծությունների ժամանակ ճոպանուղին ամբողջովին վնասվել է, չի գործում, հիմա աշխատանքներ են կատարվում»,- ասաց նա և նշեց, որ ըստ էության՝ վտանգ չկա աշխատանքների հետ կապված։
Ավելի վաղ ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետ Էդվարդ Ասրյանը հոկտեմբերի 31-ին կայացած ճեպազրույցում ասել էր, որ սեպտեմբերյան ագրեսիայի ժամանակ Ջերմուկի տարածաշրջան հայկական տարածք ներթափանցած հակառակորդի խմբերը նահանջել են՝ կորուստներ կրելով։ Ասրյանի խոսքով՝ Ջերմուկի ուղղությամբ կա հստակ առաջնագիծ, որն ապահովում է քաղաքի անվտանգությունը, Ջերմուկի տարածաշրջանում իրավիճակը համեմատաբար կայուն է։ Ասրյանը տեղեկացրել էր նաև, որ Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները գտնվում են Ջերմուկի հյուսիսարևելյան ծայրամասից 4,5 կմ և քաղաքի կենտրոնից 5,5-6 կմ հեռավորության վրա։