«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորները երեկ՝ նոյեմբերի 16-ին, հերթական «վոյաժների» են մեկնել: Օրաթերթը տեղեկացավ, որ ԱԺ պաշտպանության ու անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանն ու պատգամավոր Վահագն Ալեքսանյանն Իսպանիա՝ Մադրիդ են մեկնել, որտեղ մասնակցելու են ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովի տարեկան նստաշրջանի աշխատանքներին:
Նույն գործուղման շրջանակներում Մադրիդ է գործուղվել նաեւ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, հանձնաժողովի անդամ Աննա Գրիգորյանը, բայց, ի տարբերություն ՔՊ-ականների, Գրիգորյանը Մադրիդ այսօր՝ նոյեմբերի 18-ին է մեկնելու: Եթե թե՛ Գրիգորյանը, թե՛ Քոչարյանն ու Ալեքսանյանը նույն նիստերին են մասնակցելու, ապա տրամաբանական հարց է առաջանում՝ ինչու են տարբեր օրերի Մադրիդ մեկնում:
«Ժողովուրդ»ը տեղեկացավ, որ ՆԱՏՕ-ի վեհաժողովում պատգամավորների մասնակցությամբ աշխատանքները նոյեմբերի 19-ից են մեկնարկելու, մինչեւ այդ զուտ կազմակերպչական աշխատանքներ են մեկնարկելու, ինչի ժամանակ պատգամավորները պարզապես որեւէ անելիք չունեն: Ի՞նչ է ստացվում. ՔՊ-ականները մի քանի օր առաջ Մադրիդ են մեկնել պարզապես շրջագայելու ու «աշխարհ տեսնելու» համար՝ ստանալով այդ շրջագայության համար օրապահիկ, եւ դա արել են պետության հաշվին, քանի որ, ըստ ԱԺ կայքում տեղադրված՝ նախագահ Ալեն Սիմոնյանի կարգադրության, գործուղման հետ կապված բոլոր ծախսերը ՀՀ պետբյուջեն է հոգալու»: