Էլեկտրաէներգիայի սակագնի վերանայման գործընթաց է սկսվել, սպառողների համար սակագնի փոփոխություն կլինի, թե ոչ, այս պահին չեմ կարող ասել: Այս մասին այսօր ՀՀ կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀԾԿՀ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Գարեգին Բաղրամյանը։
«Մոտ մեկ շաբաթ կամ 10 օրից պարզ կլինի՝ սպառողների համար սակագնի փոփոխություն կլինի՞, թե՞ ոչ: Պարզ կլինի, երբ վերջնականացնենք էլեկտրաէներգիայի արտադրության հաշվեկշիռները»,- հավելեց նա:
Անդրադրադառնալով ջրի սակագնի բարձրացման որոշմանը՝ նա նշեց. «Ջրի սակագները սահմանվել են մեկ տարի ժամկետով: Ջրի բարձրացված սակագինը ոչ միայն բնակչության համար է սուբսիդավորվելու, այլ, ենթադրվում է, բոլոր սպառողների»,- ասաց նա:
Անդրադառնալով «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ի նկատմամբ առկա տարբեր դժգոհություններին, դրանց ազդեցությանը ջրի սակագնի ձևավորման վրա՝ նա ընդգծեց, որ ջրի սակագնի սահմանման ժամանակ սպասարկման որակը, ցավոք, հաշվի չի առնվում: Գարեգին Բաղրամյանը միևնույն ժամանակ հայտնեց, որ «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ն տուգանքների է ենթարկվել:
«Որոշակի խախտումների համար ընկերության նկատամամբ վարչական վարույթներ են հարուցվել»,- հավելեց նա:
Հիշեցնենք, որ ավելի վաղ ՀԾԿՀ-ն որոշում ընդունեց, ըստ որի՝ խմելու ջրի սակագինը 2023-ին սպառողների համար չի թանկանա: Ավելի վաղ հայտնել էինք, որ «Վեոլիա ջուրն» առաջարկում է սակագնի ավելացում։