Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանը չի բացառում, որ թշնամին ներխուժած տարածքներում կարող է ամրաշինական աշխատանքներ իրականացնել: Միևնույն ժամանակ, նրա խոսքով, իրենք չունեն տեղեկություններ այն մասին, որ ներխուժած տարածքներում թշնամին նոր ճանապարհներ է կառուցում:
«Իսկ ամրաշինական աշխատանքներ, այո՛, ողջամիտ է, կարող են իրականացնել»,- կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում նշեց մարզպետը:
Դիտարկմանը՝ ինչպե՞ս կարող է ողջամիտ համարել ՀՀ տարածքում թշնամու կողմից ամրաշինական աշխատանքներ կատարելու երևույթը՝ նա արձագանքեց. «Բառն օգտագործեցի ոչ թե նրա համար, որ եկել են, տեղավորվել, այլ որ ամրաշինական աշխատանք են կատարում, ինչը ենթադրելի է, որ կանեն»:
Անդրադառնալով ԵՄ դիտորդների հետ ունեցած հանդիպումներին, առաքելության երկարաձգման հնարավորությանը, մարզպետը նշեց, որ այդ առումով դիտորդներն իրենց ոչինչ չեն հայտնել, քանի որ իրենք ևս տեղյակ չեն:
Մարզպետի խոսքով՝ այժմ քննարկում են սեպտեմբերյան ագրեսիայի հետևանքով տուժած բիզնեսին փոխհատուցում տրամադրելու հարցերը: «Հնարավոր է՝ շուտով մասնակի կամ որոշ դեպքերում ամբողջ մասով փոխհատուցում տրամադրենք, եթե, իհարկե, սեփականատիրոջ հետ փոխհատուցման գոմարի հարցում համաձայնության գանք»,- ասաց նա: