Երևանում շուտով կմեկնարկեն համալիր միջոցառումներ, որով կազդարարվի ամանորյա տոնական ծրագրերի սկիզբը։ Այս միջոցառումներն ընդգրկում են բոլոր վարչական շրջանները, իսկ համերգային հատվածը կենտրոնացված կլինի Հանրապետության հրապարակում և 2750-ամյակին նվիրված պուրակում։ Այս մասին Երևանի քաղաքապետարանում ամանորյա տոնական ձևավորման թեմայով ասուլիսին ասաց փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը։
Տոնական լուսավորության մասին
Այն այս տարի լինելու է բացառիկ՝ ասաց Ավինյանը և վստահություն հայտնեց, որ բոլորը տպավորված են լինելու այն աշխատանքներով, որոնք իրականացվել են, քանի որ նպատակն է տոնական մթնոլորտը փոխանցել բոլոր վարչական շրջաններին։
«Այս օրերին քաղաքը հյուրաշատ է լինելու՝ «Մանկական Եվրատեսիլով» պայմանավորված Երևան ժամանած հյուրերին։ Տոնական լուսավորությունը ողջ քաղաքում կմիանա «Եվրատեսիլի» բացման արարողությանը զուգահեռ»,- ասաց Ավինյանը։
Նա մանրամասնեց, որ կմիանան քաղաքի գլխավոր տոնածառի և 7 տարբեր վայրերի լույսերը Հանրապետության հրապարակ, Մաշտոցի պողոտայ, Աբովյան փողոց, Հյուսիսային պողոտա, Հաղթանակ և Կիևյան կամուրջներ, ինչպես նաև Համալիրում տեղակայված մասշտաբային լուսավորության համակարգերը։
Ավինյանը նշեց, որ վարչական շրջանները նույնպես աշխատանքներ են իրականացրել լուսավորության, տոնածառների տեղադրման հետ կապված, որպեսզի տոնական մթնոլորտը սփռված լինի ամբողջ Երևանով։
Սուրբծննդյան տոնավաճառի անցկացումը
Տոնական միջոցառումների ևս մի կոմպոնենտ է լինելու Սուրբծննդյան տոնավաճառի անցկացումը, ասաց Ավինյանը։ Նա նշեց, որ այն տեղակայված կլինի Երևանի հիմնադրման 2750-ամյակին նվիրված շատրվանների պուրակում և գործելու է դեկտեմբերի 5-ից մինչև 2023թ․ հունվարի 6-ը։
«Ավելի քան 40 տոնական զարդարված տաղավար տնակներում կազմակերպվելու է ամանորյա առևտուր, առաջարկվելու են հուշանվերներ, դեկորատիվ արվեստի նմուշներ, սնունդ և այլն»,- ասաց Ավինյանը։
Տոնական համերգային մեծ ծրագիր
Միջոցառումների վերջին հատվածը նվիրված է լինելու համերգային ծրագրին։ Մեկնարկը տրվելու է դեկտեմբերի 9-ին և կավարտվի 2023թ․ հունվարի 6-ին։
«Գալա-համերգը ներառյալ՝ կունենանք 7 համերգային ծրագիր, որոնք տեղի են ունենալու Երևանի հիմնադրման 2750-ամյակին նվիրված շատրվանների պուրակում և մեծ գալա-համերգ՝ դեկտեմբերի 31-ին, 23։00-ին Հանրապետության հրապարակում։ Այս համերգների շարքը նույնպես տպավորիչ է լինելու իր ծավալով և բովանդակությամբ»,- ասաց Ավինյանը։
Նա նշեց, որ տոնական միջոցառումների ծրագրով ընդգծվում է Երևանի հատուկ դերը՝ ողջ երկրում ապահովելու տոնական վարակիչ մթնոլորտ։ Ավինյանը շեշտեց, որ վերջին շրջանում տոներ գրեթե չենք ունեցել, և Երևանը փորձում է վերականգնել տոնական այդ տրամադրությունը։
Ամանորյա ծախսերի մասին
Այս տարի ամանորյա, այսպես ասած, փաթեթի համար կծախսվի շուրջ 285 մլն դրամ։ Այս մասին հայտարարեց Քաղաքապետարանի մշակույթի և տուրիզմի վարչության պետ Գոշ Սարգսյանը։ Նա նշեց, որ պայմանագրերի մի մասն արդեն պատրաստ է, մի մասն ընթացքի մեջ է։ Նա նշեց, որ Սուրբծննդյան տոնավաճառի դեկորացիաների և գեղարվեստական մասով կծախսվի 115 մլն դրամ, ինչպես նաև Սուրբծննդյան տոնավաճառի տարածքում համերգների և տեխնիկայի հետ կապված՝ շուրջ 60 մլն դրամ։
Դեկտեմբերի 31-ին կայանալիք գալա-համերգի համար կծախսվի շուրջ 75 մլն դրամ։ Տեղադրված վերգետնյա կամրջի ծախսը կազմում է 6,6 մլն դրամ, տնակների վերականգնման, պատրաստման և ապամոնտաժման համար կծախսվի 26 մլն դրամ։