Ամանորյա լուսավորման աշխատանքներն իրականացվել են մասնագետների կողմից, ուստի շենքերի փակցման հետ կապված համաքաղաքացիների անվստահությունը փարատվելու է։ Այս մասին Երևանի քաղաքապետարանում ամանորյա տոնական ձևավորման թեմայով ասուլիսին ասաց փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը և հավելեց, որ աշխատանքային խմբերից իրենց առաջնային պահանջը եղել է նվազագույն միջամտությունը և հետագայում շենքերի անվնաս վերադարձը նախնական տեսքին։
«Տվյալ թեմայի շուրջ շատ են եղել շահարկումներ, դեռևս շատ հին ժամանակներից այդ շենքերի վրա տարատեսակ անցքեր, մետաղյա ձողեր են մնացել, որոնց վերացման աշխատանքները ևս մեր ուշադրության կենտրոնում են լինելու գարնանը։ Եվ, առհասարակ, պատմամշակութային հուշարձանների հետ կապված գարնանը մեծ ծրագիր ունենք»,- նշեց Ավինյանը։
Շենքերին հասցված վնասների մասին
Վնաս, որպես այդպիսին, չի կրել, այսինքն՝ այսինքն այն լուսանկարները, որոնք տարածվում են և կապվում են ամանորյա ձևավորման աշխատանքների հետ, իրականության հետ գրեթե կապ չունեն, ասաց Ավինյանը։
«Փոսերը, մետաղյա ձողերը, զարդանախշերի մեջ բոլտը, դա մեր կատարած աշխատանքի հետ կապ չունի։ Այո՛, այդ շենքերին ժամանակին մեծ վնասներ են հասցրել, և մենք դրանք արձանագրել ենք։ Որոշակի էտ իրականացվել է Մաշտոցի պողոտայում, որն այսպես թե այնպես պետք է իրականացվեր»,- ասաց Ավինյանը։
Փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանն էլ հավելեց, որ խորը հետաքննություն անցկացնելու կարիք չկա․ կա պարզ միջոց, եթե լուսավորություն է ամրացված, ուրեմն Քաղաքապետարանի աշխատանքն է, եթե ոչ, ուրեմն նախագծի հետ կապ չունի։
«Մենք մեր պատմամշակութային հուշարձանների նկատմամբ նման վերաբերմունք չենք ունեցել և չենք ունենա։ Մեր կատարած աշխատանքը ողջամիտ էր և անհրաժեշտ էր զարդարանքների համար, և դրանց հետևանքները վերացվելու են»,- հավելեց նա։
Պատմամշակութային հուշարձանների պահպանման ծրագրի մասին
Ուրախալի է, որ սկսել ենք ուշադրության կենտրոնում պահել պատմամշակութային հուշարձանները, որոնք ևս մեր ուշադրության կենտրոնում են եղել և շարունակելու են մնալ, ասաց Ավինյանը։
«Գարնանը քննարկելու ենք պատմամշակութային հուշարձանների հետ կապված ծրագիր, որը ներառելու է Հանրապետության հրապարակում և Կենտրոնում գտնվող տարատեսակ շենքերը, որոնք կարիք ունեն խնամքի և համապատասխան վերաբերմունքի։ Վստահեցնում եմ ձեզ՝ այն մոտեցումը, որն ունի քաղաքապետարանը և այն, որը ներկայացվում է տարբեր ԶԼՄ-ների կողմից, համադրելի չեն»,- ասաց նա։
Սուրեն Գրիգորյանն ընդգծեց, որ բացված անցքերն այն նպատակով են, որպեսզի զարդարանքը ամուր լինի և հանկարծ չպոկվի և որևէ մեկի վրա չընկնի․ «Այդ դեպքում՝ կասեիք, որ մենք մեր աշխատանքում թերացել ենք և ճիշտ կլինեիք»։
Ինչո՞ւ ընտրվեց «Սինեմարտ» ընկերությունը
Մշակութային միջոցառումների իրականացման համար մեր օրենսդրությամբ նախատեսված է համապատասխան հիմք, որն իրավունք է տալիս գնումներ կատարել մեկ անձից, ասաց փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանը։ Նա տեղեկացրեց, որ բանակցություններ են վարել նաև այլ ընկերությունների հետ։
«Ինչո՞ւ հենց այս ընկերությունը, քանի որ «Սինեմարտ» ընկերությունը ներգրավվել է մասնագետներ այլ երկրներից, մասնավերապես՝ Վրաստանից, որտեղ տարիներ շարունակ նման մասշտաբային լուսավորություն է իրականացվում։ Մեզ համար կարևոր էր, որ դա անեն մարդիկ, ովքեր ունեն նման փորձ, որպեսզի դա լինի ոչ միայն գեղեցիկ, այլև անվտանգ»,- ասաց նա։
Սուրեն Գրիգորյանը նաև նշեց, որ ամանորյա ամբողջ աշխատանքը միայն «Եվրատեսիլով» պայմանավորված չէ, սա պլանավորված էր, և «Եվրատեսիլը« միայն նպաստել է ժամկետային տեղաշարժին։
Ամանորը՝ բարոյական և հոգեբանական տեսանկյունից
Այո՛, մենք ունենք հազար ու մի խնդիրներ, սակայն մենք մեզ և մեր երեխաներին պարտավոր ենք վերադարձնել տոնը, ասաց Տիգրան Ավինյանը։ Նա հավելեց, որ սասարակության համար դժվար է ապրել ծանր միջավայրում և որ պետք չէ բոլոր հարցերը մեկտեղել։