Մեզ համար զգայուն խնդիր է մնում գազի ընդհանուր շուկայի ձևավորումը։ Այս մասին հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ Բիշքեկում տեղի ունեցած Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի հերթական նիստին: Այս մասին հայտնում են ՀՀ կառավարությունից։
Նիստին մասնակցել են նաև Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների առաջնորդները` ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը, Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն և Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովը: Ընդլայնված կազմով նիստին մասնակցել է նաև ԵԱՏՄ-ում դիտորդ երկիր Ուզբեկստանի վարչապետ Աբդուլլա Արիպովը:
Փաշինյանն իր ելույթում անդրադարձել է պարենային անվտանգության խնդիրներին՝ նշելով, որ ընթացիկ տարում ԵԱՏՄ անդամ-երկրների ներքին շուկաների կայունությունն ապահովելու նպատակով կազմվել են գյուղատնտեսական կարևոր ապրանքների ինդիկատիվ հաշվեկշիռներ։ Նա ընդգծել է, որ Եվրասիական օրակարգի հաջող իրականացման տեսանկյունից չափազանց կարևոր է բոլոր հարցերի շուրջ փոխընդունելի լուծումներ գտնելը։
«Այս առումով հայկական կողմն առաջնահերթ է համարում էներգառեսուրսների ընդհանուր շուկաների ստեղծմանն ուղղված պայմանավորվածությունների հետևողական իրականացումը։ Մասնավորապես, մեզ համար զգայուն խնդիր է մնում գազի ընդհանուր շուկայի ձևավորումը։ Կառուցողական երկխոսության և փոխզիջումային լուծումներ գտնելու ճանապարհով գնալու շնորհիվ հաջողվել է ապահովել գազի ընդհանուր շուկայի ձևավորման մասին միջազգային համաձայնագրի նախագծի պատրաստվածության բարձր մակարդակ։ Սակայն, հաշվի առնելով գործընթացի բարդությունը, էներգետիկ ոլորտում երկրների տարբեր հնարավորություններն ու շահերը հաշվի առնելու անհրաժեշտությունից ելնելով, մի շարք չլուծված խնդիրներ են մնում»,- ասել է Փաշինյանը։
Նա ընդգծել է, որ Հայաստանը պատրաստ է ճկուն մոտեցում ցուցաբերել՝ կոնսենսուսի հասնելու և չլուծված հարցերի շուրջ ԵԱՏՄ անդամ բոլոր երկրների շահերի հավասարակշռությունն ապահովելու համար՝ Միության ընդհանուր գազի շուկայի առավելություններն ու ներուժը լիովին օգտագործելու նպատակով։
Փաշինյանի խոսքով՝ վերջին տարիներին ԵԱՏՄ երկրների տնտեսական զարգացումն ընթանում է ոչ դյուրին պայմաններում, և ներկա իրավիճակն ազդում է Միության բոլոր անդամ-պետությունների հիմնական տնտեսական ցուցանիշների վրա։
«Բոլորիս համար այս դժվարին պահին պետք է մեր ջանքերը կենտրոնացնենք, որպեսզի առավելագույնի հասցնենք եվրասիական ինտեգրման ներգործությունը՝ հաշվի առնելով սոցիալ-տնտեսական զարգացման ազգային առաջնահերթությունները։ Չնայած ստեղծված իրավիճակին, ցանկանում եմ գոհունակությամբ նշել, որ փոխադարձ առևտրում աճի միտում կա։ Հայաստանի և ԵԱՏՄ երկրների միջև ապրանքաշրջանառությունն այս տարվա հունվար-սեպտեմբերին կազմել է ավելի քան 3 մլրդ դոլար և 2021 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ աճել է մոտ 80 տոկոսով»,- նշել է Փաշինյանը։
Վարչապետը նշել է, որ հանձնաժողովի հետ միասին մենք սկսել են իրականացնել ճանապարհային քարտեզը՝ կլիմայական օրակարգի շրջանակներում, և որ Հայաստանի համար հատկապես արդիական է «կանաչ» տեխնոլոգիաների և շրջակա միջավայրի պահպանության թեման։
«Զարգացնելով «կանաչ» էներգիան՝ Հայաստանն ակտիվորեն յուրացնում է վերականգնվող էներգիայի աղբյուրներ։ Իրականացվում են միջոցառումներ մետաղագործական արդյունաբերության դեկարբոնիզացման ուղղությամբ։ Մենք ամեն կերպ խրախուսում ենք էլեկտրական տրանսպորտի օգտագործումը»,- ասել է նա։
Փաշինյանը կարևոր ուղղություն է համարել ԵԱՏՄ-ի և երրորդ երկրների ու միավորումների միջև առևտրատնտեսական հարաբերությունների զարգացումը։
«Չինաստանի հետ առևտրատնտեսական համաձայնագրի իրականացումը, Իրանի, Սինգապուրի և Սերբիայի հետ ազատ առևտրի մասին համաձայնագրերի իրականացումը, ինչպես նաև Եգիպտոսի, Արաբական Միացյալ Էմիրությունների, Իսրայելի, Հնդկաստանի և Ինդոնեզիայի հետ ազատ առևտրի համաձայնագրերի շուրջ շարունակվող բանակցությունները լրացուցիչ խթան կհաղորդեն Միության՝ համաշխարհային տնտեսության մեջ ինտեգրման գործընթացին»,- ասել է նա։
Նիստի ընթացքում քննարկվել են Եվրասիական տնտեսական միության ընթացիկ խնդիրները, նախանշվել են ինտեգրացիոն գործընթացների հետագա խորացման, ապրանքների և ծառայությունների միասնական շուկայի գործունեության բարելավման ուղիները։ Քննարկվել և հաստատվել են էներգետիկայի և առևտրի ոլորտներին վերաբերող մի քանի որոշումներ: Որոշում է կայացվել մեկնարկել ԵԱՏՄ-ի և ԱՄԷ-ի միջև ազատ առևտրի մասին համաձայնագրի կնքման շուրջ բանակցային գործընթաց:
Ռուսական կողմը ներկայացրել է 2023 թվականին ԵԱՏՄ-ում իր առաջիկա նախագահության հիմնական առաջնահերթությունները: