Միացյալ Նահանգներն առաջինն է արձագանքել միջանցքի արգելափակմանը։ Այս մասին հայտարարել է ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը, որը դեկտեմբերի 16-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան, մեր երկրում դիվանագիտական առաքելությունն ավարտող Լին Թրեյսիին, փոխանցում է ԱԺ պաշտոնական կայքը։
Արդյունավետ համագործակցությունը փաստող մտքերի փոխանակումից հետո Ալեն Սիմոնյանը նշել է, որ թեև դեսպանի դիվանագիտական առաքելությունը Հայաստանի համար ծանրագույն ժամանակաշրջանում էր, այնուամենայնիվ, պաշտոնավարման ընթացքում երկու երկրների միջև հարաբերությունները հասել են ավելի բարձր մակարդակի:
Նա հավելել է, որ հայ-ամերիկյան համագործակցության խորհրդարանական ձևաչափը նոր նշաձող է սահմանել: Ալեն Սիմոնյանն ընդգծել է դեսպանի կատարած ծավալուն աշխատանքի կարևորությունը դիվանագիտական և հանրային հարթակներում:
«Շնորհակալ ենք Միացյալ Նահանգներին Լաչինի միջանցքի շուրջ ծավալվող իրադարձությունների վերաբերյալ հասցեական արձագանքի համար»,-շեշտել է Ալեն Սիմոնյանը:
Հանդիպման ավարտին ՀՀ ԱԺ նախագահը հաջողություններ է մաղթել Լին Թրեյսիին հետագա գործունեության ընթացքում՝ վստահություն հայտնելով, որ ցանկացած պարագայում դեսպանը կպահպանի բարեկամական կապերը Հայաստանի հետ: