Ավելի քան 20 մլն դրամ հափշտակության համար հանրային քրեական հետապնդում է հարուցվել Միհրան Պողոսյանի անվտանգության աշխատակից Է.Ս.-ի և վարորդ Հ.Բ.-ի նկատմամբ: Այս մասին հայտնում են ՀՀ գլխավոր դատախազությունից։
Նշվում է, որ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ Հ.Բ.-ն և Է.Ս.-ն օժանդակել են նախկին գլխավոր հարկադիր կատարող Մ.Պ.-ի կողմից, պաշտոնեական դիրքն օգտագործելով, վատնման եղանակով ուրիշի առանձնապես խոշոր չափերով գույքի հափշտակություն կատարելուն:
Մասնավորապես՝ Պողոսյանը Է.Ս.-ին նշանակել է ԴԱՀԿ ապահովող ծառայության հարկադիր կատարման օպերատիվ բաժնի առաջին կարգի խորհրդատու, Հ.Բ.-ին՝ նույն բաժնի առաջատար խորհրդատու, սակայն նրանց հանձնարարել է օրենքով սահմանված իրենց լիազորությունների իրականացման փոխարեն ապահովել իր անձնական անվտանգությունը:
Արդյունքում՝ Պողոսյանը պաշտոնեական դիրքն օգտագործելով, վատնման եղանակով պետական բյուջեի միջոցներից Է.Ս.-ի դեպքում հափշտակել է ընդհանուր 22 մլն 117 հազար 820 դրամ առանձնապես խոշոր չափերով գումար, իսկ Հ.Բ.-ի դեպքում՝ 21 մլն 754 հազար 643 դրամ:
2022 թվականի դեկտեմբերի 22-ին հանրային քրեական հետապնդում հարուցելու մասին կայացված որոշումները մեղադրանք ներկայացնելու նպատակով ուղարկվել են ՀՀ հակակոռուպցիոն կոմիտե:
Մինչ այս՝ 2022 թվականի մայիսի 20-ին, որոշում է կայացվել Պողոսյանին ներգրավել որպես մեղադրյալ այն բանի համար, որ նա, զբաղեցնելով ՀՀ գլխավոր հարկադիր կատարողի պաշտոնը, հինգ առանձին դեպքերում վատնման եղանակով հափշտակել է առանձնապես խոշոր չափերով գույք, չարաշահել, ինչպես նաև անցել է իր պաշտոնեական լիազորությունները, որոնք անզգուշությամբ առաջացրել են ծանր հետևանքներ, և օրինականացրել է հանցավոր ճանապարհով ստացված առանձնապես խոշոր չափերով գույքը:
Մասնավորապես, 2013-2015 թվականներին և 2016 թվականի առաջին եռամսյակի ընթացքում իր ծառայողական և անձնական կարիքները հոգալու համար նախկին գլխավոր հարկադիր կատարողն իրեն սպասարկող չորս ավտոմեքենաների համար դուրս է գրել պետական բյուջեում մեկ ավտոմեքենայի պահպանման համար նախատեսված տարեկան ծախսը՝ 1 մլն 200 հազար դրամը գերազանցող քանակի ու գումարի բենզին: Արդյունքում՝ յուրացման եղանակով պետական բյուջեի միջոցներից հափշտակել է իրեն վստահված ընդհանուր՝ 40 մլն 746 հազար 500 դրամ առանձնապես խոշոր չափերով գումարը:
Բացի այդ, Պողոսյանն իր մտերիմներին նշանակել է տարբեր պաշտոնների: Նրանք չեն հաճախել աշխատանքի, չեն կատարել իրենց գործառութային պարտականությունները, սակայն նրանց անվամբ հաշվարկվել և պետական բյուջեի միջոցներից վճարվել է առանձնապես խոշոր չափերի՝ 59 մլն 39 հազար 668 դրամ:
Պողոսյանը թաքցրել է նաև ապօրինի ձեռնարկատիրական գործունեությանն իր մասնակցության արդյունքում ձեռք բերված առանձնապես խոշոր չափերով գույքի՝ 568 մլն 830 հազար դրամին համարժեք 1 մլն 190 հազար ԱՄՆ դոլարի ծագման իրական աղբյուրը՝ այդպիսով օրինականացնելով այն: