Փետրվարի 7-ին Հայաստանի Հանրապետությունը վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ փրկարարական ջոկատներ է ուղարկվել Սիրիա և Թուրքիա՝ աջակցելու ավերիչ երկրաշարժի հետևանքով տուժած շրջաններում իրականացվող որոնողափրկարարական աշխատանքներին:
Armenia Tօday-ը որոշեց քաղաքացիներից պարզել, թե ինչպես են գնահատում Թուրքիա օգնություն ուղարկելու ՀՀ իշխանությունների քայլը:
Քաղաքացիներից ոմանք ձեռնպահ մնացին իշխանությունների որոշումից: Նրանք չեն կարող գնահատել որոշման իրավացիությունը:
«Թուրքիայո՛ւմ էլ, Սիրիայո՛ւմ էլ շատ հայեր ունենք. ես ո՞վ եմ, որ գնահատեմ, ես չեմ կարող ո՛չ կողմ, ո՛չ դեմ լինել»,֊ նշեց հարցված քաղաքացիներից մեկը։
Կային քաղաքացիներ, որոնք կողմ էին այդ որոշմանը:
«Շատ լավ եմ գնահատում, կողմ եմ, պետք է խաղաղ բաներ անել… եթե չուղարկվեր, կմտածեին թշնամություն է, ես թշնամիներ չեմ սիրում, միշտ խաղաղության կողմնակից եմ»,- ասաց հարցվածներից մեկը։
Քաղաքացիներից մեկն էլ այդ որոշումը երկակի գնահատեց՝ նշելով, որ դա պարզապես քաղաքական քայլ է, սակայն եթե էմոցիոնալ մոտենանք, ապա «ղալաթ են արել- ուղարկել են»:
«Քաղաքական առումով երևի ճիշտ է, աշխահի համար ճիշտ է, որ մենք ցույց տանք, թե այսպիսին ենք, քաղաքականությունը այդպիսի զզվելի բան է, իսկ եթե ես զգացողական մոտեցում ցույց տամ, ինչքան շատ թուրք սատկի, այնքնան լավ մեզ համար, հա ես այդպես եմ ուզում, թող սատկեն վերանան»,- շարունակեց քաղաքացին։
Իսկ ահա մեկ հարցված մարդ էլ կարծում էր, որ փրկարարական խումբ ուղարկել պետք չէր, բայց ցավակցելը ճիտ էր։ Նորմալ չէ ցեղասպանությունը մոռանալ. այսպես է մտածում մեկ ուրիշ քաղաքացի:
«Սկզբում մտածում էի, որ շատ վատ է արել, ընդհանրապես մենք պահանջատեր պետք է լինենք և նորմալ չէ ցեղասպանությունը մոռանալ, բայց աղետի մասշտաբը այնքնան մեծ է, որ կարծիքս այս պահին չեմ կարող հստակ ասել, բայց ցեղասպանությունը ներելն անիմաստ է, սահմանները բացելը նույնպես, դա իմ հստակ դիրքորոշումն է»,- ասաց նա։
«Շատ բացասական եմ գնահատում։ Առավել ևս` Հայաստանի գերագույն դավաճանի կողմից, երբ ցանկանում է իր եղբայրներին օգնության հասնել, այն դեպքում երբ որ Թուրքիան Բայրաքթար է ուղարկում Հայաստանին։ Դեմ եմ։ Քնադատել և քնադատում եմ որոշումը»,- ասաց մեկ այլ քաղաքացի։
Նշենք, որ վերջին տվյալներով Թուրքիայում և Սիրիայում ավերիչ երկրաշարժի զոհերի թիվը գերազանցում է 19 000-ը: Թուրքիայում զոհվել է 16 000-ից ավելի մարդ, վիրավորների թիվը հատել է 64 000-ը:
Սիրիայում վերջին տվյալներով զոհվել է շուրջ 3000 մարդ, վիրավորների թիվը հատում է 5000-ը:
Մանրամասները՝ տեսանյութում։