Հայտնաբերվել և կալանավորվել է ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանին սպանելու փորձ կատարած անձանցից մեկը, տեղեկացնում է ԱԱԾ-ն։
Մասնավորապես, 2020թ․ նոյեմբերի 10-ին պատերազմը դադարեցնելու և Արցախի վերահսկողության ներքո գտնվող մի շարք տարածքներ Ադրբեջանի վերահսկողությանը հանձնելու մասին ՀՀ, ՌԴ և Ադրբեջանի միջև ձեռք բերված համաձայնության վերաբերյալ հայտարարությունը զանգվածային լրատվության միջոցներում հրապարակվելուց հետո՝ տեղեկանալով, որ Երևանում գտնվող ՀՀ կառավարության, ԱԺ վարչական շենքերի և ՀՀ վարչապետին հատկացված կեցավայրի մոտ, դրանց ներսում զանգվածային անկարգություններ են կատարվում, Թ․ Ա․-ն գնացել է Դեմիրճյան և Պռոշյան փողոցների խաչմերուկ, որտեղ էլ, տեսնելով, որ ավտոմեքենայում խցանման մեջ է գտնվում Արարատ Միրզոյանը, միացել անկարգությունների մասնակիցներին։
Գերատեսչությունը մանրամասնում է, որ վերջինս ճեղքելով շարքերը, մոտեցել է արդեն իսկ գետնին ընկած Արարատ Միրզոյանին և նրան սպանելու դիտավորությամբ, այլոց հետ միասին, ոտքերով հարվածներ է հասցրել Միրզոյանի գլխին և մարմնի տարբեր մասերին, ինչի արդյունքում վերջինիս պատճառվել է դիմային գանգի ոսկրերի բազմակի կոտրվածքներ և այլ վնասվածքների ձևով մարմնական վնասվածքներ, ինչի հետևանքով Արարատ Միրզոյանը կորցրել է գիտակցությունը և տեղափոխվել «Էրեբունի» ԲԿ։
Թ․ Ա․-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում և միջնորդություն է ներկայացվել դատարան՝ վերջինիս նկատմամբ երկու ամիս ժամկետով կալանքը որպես խափանման միջոց կիրառելու համար, որը բավարարվել է։
Ավելի վաղ հայտնել էինք, որ նոյեմբերի 10-ի գիշերը անկարգություններին մասնակցելու համար մեղադրանք է առաջադրվել 54 քաղաքացու։