Հրդեհից տուժած զինծառայողների բուժման գործընթացը շարունակվում է: Ես հավաստիացնում եմ, որ նրանց ամբողջական բժշկական օգնություն կտրամադրվի: Այս մասին այսօր ճեպազրույցի ժամանակ ասել է ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը՝ անդրադառնալով Armenia Today-ի թղթակցի հարցին, թէ ինչ վիճակում են գտնվում զինծառայողները, դուրս գրման գործընթաց կա՞, թե՞ ոչ:
Անահիտ Ավանեսյանը լրագրողների հետ զրույցում անդրադարձել է նաև այն դիտարկումներին, որ սուր շնչառական վարակներ են տարածվում: Հարցին, թե ինչ իրավիճակ է հիվանդանոցներում, նա պատասխանել է. «Հիվանդանոցներում ծանրաբեռնվածություն չկա, սեզոնային տիպային վիճակ է: Վիրուսը միգուցե ավելի թեթև ընթացք ունի, հոսպիտալացման համար դիմելիության աճ չկա»:
Ավելի վաղ ՊՆ-ն հայտնել էր, որ հունվարի 19-ին՝ ժամը 01:30-ի սահմաններում, դեռևս չպարզված հանգամանքներում հրդեհ է բռնկվել Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի տարածքում տեղակայված ՀՀ ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում: ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում բռնկված հրդեհի հետևանքով զոհվել էր 15 զինծառայող, 3 զինծառայող վիրավորվել էր: