Զինվորական կացարանի հրդեհի գործով մեղադրվող կապիտան Եղիշե Հակոբյանը կալանավորվել է, հայտնում է Քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Գոռ Աբրահամյանը։
«Կացարանում տեղի ունեցած հրդեհի և զինծառայողների մահվան դեպքի առթիվ քննվող քրեական վարույթի շրջանակում երեկ վարույթն իրականացնող մարմնի կողմից միջնորդություն է ներկայացվել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան՝ մեղադրյալ, նույն զորամասի ինժեներական ծառայության սպա, կապիտան Ե.Հ.-ի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ։ Գիշերը, դատարանը բավարարել է միջնորդությունը, և մեղադրյալը կալանավորվել է»,- հայտնել է Աբրահամյանը։
ինժեներական ծառայության սպա, կապիտան Ե.Հ.-ին նշված վարույթով մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 532-րդ հոդվածի 4-րդ մասով (Զենքի, ռազմամթերքի, ռազմական տեխնիկայի կամ ռազմական այլ գույքի, շրջապատի համար առավել վտանգ ներկայացնող նյութերի, սարքերի կամ առարկաների հետ վարվելու կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է երկու կամ ավելի անձանց մահ, պատժվում է ազատազրկմամբ՝ չորսից ութ տարի ժամկետով):
Աբրահամյանը տեղեկացրել է նաև, որ այս վարույթով նախաքննությունն իրականացվում է ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության հատկապես կարևոր գործերով վարչությունում։
Նշենք, որ փետրվարի 15-ին Հակոբյանը, որը բուժում էր ստանում Այրվածքաբանության ազգային կենտրոնում, հարցաքննվել և ցուցմունք էր տվել Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղում հունվարի 19-ին տեղի ունեցած հրդեհից զոհված 15 զինծառայողների մահվան գործով։
Վերջինիս փաստաբան Հովսեփ Սարգսյանը «Հանրային» հ/ը եթերում ավելի վաղ նշել էր՝ սպային ներկայացվող մեղադրանքը խիստ նախնական է և պետք է հստակորեն պարզվի զինծառայողների մահվան պատճառի և, տվյալ դեպքում, Եղիշե Հակոբյանի գործողությունների կամ անգործության պատճառահետևանքային կապը։