ՀՀ ԶՈւ ԳՇ պետը լրագրողների հետ զրույցում խուսափել է հստակ պատասխանել, թե ովքեր են եղել այն պաշտոնյաները, որոք, վարչապետ Նիկոլ Փաշինյանի պնդմամբ, թերացել են հանձնարարականների հարցում:
«Եթե վարչապետը նշել է թերացումների մասին, ուրեմն՝ կնշանակվի քննություն ու թերացողները կերևան»,-ասել է ԳՇ պետը՝ անդրադառնալով Տեղ գյուղի հատվածում տեղի ունեցած սադրանքին, որի հետևանքով հայկական կողմը 4 զոհ և 6 վիրավոր ունի:
Հարցին, ի՞նչ հանձնարարականներ են տրվել, որոնք թերացել են կատարել՝ նա պատասխանեց. «Պետության ռազմական անվտանգությունն ապահովելու հանձնարարականներ»:
Նշենք, որ երեկ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտաչրարել էր, որ Տեղ գյուղի շրջակայքում ադրբեջանական կողմի գործողությունները, սադրանքի սցենարը կանխատեսվել էին, կոնկրետ անձանց տրվել էին կոնկրետ հանձնարարություններ, որոնց կատարումը, սակայն, ըստ նրա, ձախողվել է:
Հիշեցնենք, որ ապրիլի 11-ին՝ ժամը 16:00-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները կրակ են բացել Տեղ համայնքի հատվածում ինժեներական աշխատանքներ իրականացնող ՀՀ ԶՈւ զինծառայողների ուղղությամբ: Հայկական կողմը դիմել է պատասխան գործողությունների: Ադրբեջանական սադրանքի հետևանքով հայկական կողմն ունի 4 զոհ և 6 վիրավոր։
ՀՀ ԱԳՆ-ն Բաքվի սադրանքը Հայաստանի տարածքային ամբողջականության դեմ ոտնձգություն է որակել։ ՀՀ ՊՆ-ն տեղեկացրել է ապրիլի 11-ի փոխհրաձգության հետևանքով դիրքային կորուստներ չունենալու մասին։
Ավելի վաղ Armenia Today-ի հետ զրույցում Տեղի բնակիչները հայտնել էին, որ կրակոցների ձայներ են լսել։
Մարտի 30-ի երեկոյան ՀՀ ԱԱԾ-ն հաղորդել էր, որ ադրբեջանական կողմը Սյունիքի սահմանային հինգ հատվածներում 100-300 մետր ավելի առաջ է տեղակայվել։ Նշվում էր, որ տեղակայման ընթացքում ի հայտ են եկել քարտեզների տարընթերցումներ: Որոշ տեղերում ադրբեջանական կողմը, չսպասելով նախապես պայմանավորված ճշգրտումներին, սկսել է դիրքավորվել և իրականացնել ինժեներական աշխատանքներ: