Ծանրամարտի Եվրոպայի ֆեդերացիայի նախագահ Անտոնիո Կոնֆլիտին բարձր է գնահատել Երևանում անցկացվող ծանրամարտի Եվրոպայի առաջնությանն անվտանգության բարձր մակարդակը։
Նա ողջունել է Հայաստանի իշխանությունների հայտարարությունը՝ ծանրամարտի Եվրոպայի առաջնության բացման արարողության ժամանակ Ադրբեջանի դրոշն այրելու միջադեպի վերաբերյալ։
«Միջոցառումը չպետք է քաղաքականացվի։ Կարող եմ անձամբ հաստատել անվտանգության բարձր մակարդակը, որը միջոցառման սկզբից Հայաստանն ապահովել է սպորտային պատվիրակությունների համար»,- գրել է Կոնֆլիտին։
Ավելի վաղ ԿԳՄՍՆ-ն հայտարարություն էր տարածել, լուրջ մտահոգություն հայտնելով ապրիլի 14-ին առաջնության բացման արարողության ժամանակ Ադրբեջանի պետական դրոշի հետ կապված միջադեպը: «Միջադեպը, որն արարողության ժամանակ անմիջապես հարթվել է և որևէ կերպ չի խոչընդոտել բնական ընթացքին, չի արտահայտում ՀՀ իշխանությունների դիրքորոշումը և դատապարտելի է սպորտային արժեքների և արդար խաղի (Fair Play) համընդհանուր սկզբունքների տեսանկյունից»,- ասված էր հայտարարությունում:
ԿԳՄՍ փոխնախարարն ավելի վաղ նշել էր, որ միջադեպն օգտագործվել է, որպեսզի ստվեր գցվի առաջնության ընթացքի վրա, իսկ ԿԳՄՍ նախարարությունը իր հայտարարության մեջ նշել է, որ Ադրբեջանցի ծանրորդների անվտանգության հետ կապված որևէ խնդիր չի առաջացել և չէր կարող առաջանալ։
Արամ Նիկոլյանն ապրիլի 14-ին Երևանում Եվրոպայի առաջնության բացման արարողության ժամանակ այրել էր Ադրբեջանի դրոշը՝ խլելով այն դրոշակակրի ձեռքից։ Դրանից հետո Նիկոլյանը բերման էր ենթարկվել Երևանի Մալաթիայի ոստիկանության բաժին։ Ավելի ուշ նրա փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևը հայտարարել էր դիզայների ազատ արձակման մասին։
Այսօր նաև հայտնի դարձավ, որ ադրբեջանցի մարզիկները չեն մասնակցի Եվրոպայի առաջնությանը և վերադառնում են Բաքու՝ հոգեբանական ճնշման պատճառով։
Ծանրամարտի Եվրոպայի առաջնությունը տեղի կունենա ապրիլի 15-23-ը՝ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում։ Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանն ավելի վաղ Armenia Today-ին հայտնել էր, որ մրցաշարին մասնակցելու համար Հայաստան է ժամանել ադրբեջանական պատվիրակությունը՝ բաղկացած 12 հոգուց, որոնցից 4-ը մարզիկներ են։