Անկեղծ մղումս է անել հնարավորը՝ Ադրբեջանի հետ հնարավորինս շուտ խաղաղության պայմանագիր կնքելու համար։ Այս մասին այսօր ԱԺ արտահերթ նիստի ժամանակ, ներկայացնելով կառավարության ծրագրի կատարողականը, նշել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Միևնույն ժամանակ նա հայտարարել է, որ 44-օրյա պատերազմից հետո Ադրբեջանն ուզում է վերցնել հնարավորինս շատ բան, իսկ եթե հնարավոր է՝ վերցնել ամեն ինչ։ Նա այնուհետև ընդգծել է, որ խաղաղությունը կախված է նաև մեզնից, մեր դիրքորոշումներից։
«Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությունն իրականություն կդառնա, եթե երկու երկրները հստակ, առանց երկիմաստությունների ու որոգայթների ճանաչեն միմյանց տարածքային ամբողջականությունը ու պարտավորվեն այսօր և երբևէ միմյանց տարածքային պահանջներ չներկայացնել։ Իրականում՝ Ադրբեջանի նախագահի հետ այս մասին պայմանավորվել ենք 2022-ի հոկտեմբերի 6-ին Պրահայում և հոկտեմբերի 31-ին՝ Սոչիում, ինչն արձանագրվել է համապատասխան հրապարակային հայտարարություններով։
Այսուհանդերձ, Երևանից ու Բաքվից հնչում են հայտարարություններ, որոնցում դիմացի կողմը մեղադրվում է պայմանավորվածությունները չպահելու մեջ։ Ես հիմա ուզում եմ վերահաստատել, որ Հայաստանի Հանրապետությունը լիարժեք ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը։ Ակնկալում ենք, որ Ադրբեջանը կանի նույնը՝ հայկական ԽՍՀ ամբողջ տարածքը ճանաչելով որպես ՀՀ»,- հավելել է Փաշինյանը։
Մանրամասները՝ տեսանյութում։