Բացառում եմ, որ «Նեմեսիս» գործողության հուշարձանը կարող է ապամոնտաժվել։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասել է Երևանի փողքաղաքապետ Տիգրան Ավինյանը։
««Նեմեսիս» գործողության հուշարձանի տեղադրման հետ ո՛չ կառավարությունը, ո՛չ էլ ԱԳՆ-ն կապ չունեն։ «Նեմեսիսի» արձանը արժանապատվության ասպետներին, ազգային արժանապատվությանը նվիրված արձան է, որը որևէ ժողովրդի, որևէ երկրի դեմ չէ»,-ասել է Ավինյանը։
Թուրքիայի ԱԳ նախարարության արձագանքն Ավինյանը տեղին չի համարել՝ ընդգծելով, որ թուրքական կողմը շատ է քաղաքականացրել հարցը․ «Այդ թեմաները քննարկելով՝ կարող ենք գնալ, հասնել Ծիծեռնակաբերդ, ինչը ևս կարող է հարց առաջացնել թուրք պաշտոնյաների մոտ։ Սա մեր ներքին հարցն է»։
Հիշեցնենք, որ ավելի վաղ թուրքական կողմը հուշարձանի տեղադրման հետ կապված նախազգուշացրել է պաշտոնական Երևանին՝ հայտարարելով, որ այս հարցում նոր քայլեր է ձեռնարկելու։
Հիշեցնենք, որ, ըստ թուրքական կողմի, հայկական օդանավերի համար երկրի օդային տարածքը փակելու պատճառը Երևանում «Նեմեսիս» գործողության մասնակիցներին նվիրված հուշարձանի բացումն է եղել։
Ապրիլի 29-ին Թուրքիայի ավիացիոն իշխանություններն առանց նախօրոք տեղեկացնելու չեղարկել էին Flyone Armenia ավիաընկերությանը նախօրոք տրամադրված թույլտվությունը Թուրքիայի օդային տարածքով դեպի Եվրոպա չվերթեր իրականացնելու համար։
Ապրիլի 25-ին Երևանի Ալեք Մանուկյան փողոցում բացվեց 1915 թվականի Հայոց ցեղասպանության կազմակերպիչների, Օսմանյան կայսրության և Ադրբեջանի ղեկավարների դեմ հաշվեհարդարի գործողություններ իրականացրած «Նեմեսիս» գործողության հերոսների հուշարձանը։