Պետության կառուցվածքի քաղաքական տեսլականի մասին նման հայտարարությունները Հայաստանի և նրա ժողովրդի առանձնաշնորհն են, ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ մեկնաբանելով Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ հայտարարությունները։
«Փաշինյանի հայտարարությունը մենք համարում ենք 2022 թվականի հոկտեմբերի 7-ին Պրահայի գագաթնաժողովում Հայաստանի, Ադրբեջանի, Ֆրանսիայի և ԵՄ ղեկավարների մասնակցությամբ ունեցած դիրքորոշման հաստատում։ Այնուհետև ընդունվել է համատեղ հայտարարություն, որը հղում է պարունակում Ալմա-Աթայի 1991թ հռչակագրին։ Այս հռչակագրում նախկին խորհրդային հանրապետությունների միջև վարչական սահմանները ճանաչվել են միջպետական։ Պրահայի համաձայնագիրը որակապես նոր շրջանակ տվեց Երևանի և Բաքվի միջև բանակցային գործընթացին»,- ասել է նա։
Զախարովան հավելել է, որ Ռուսաստանը կարգավորման միջնորդ է, և այս առումով իսկապես կարևոր է պետության, մասնավորապես Հայաստանի հստակ դիրքորոշումն այս հարցում։
«Փաշինյանի վերջին հայտարարությունները հակասական արձագանք են առաջացրել բուն Հայաստանում՝ Լեռնային Ղարաբաղում, բայց այս ամենը միայն իրենց ներքաղաքական հակասությունների համատեքստում։ Ինչ վերաբերում է բուն խաղաղության պայմանագրի նախագծին, մենք կարծում ենք, որ մայիսի 19-ին Մոսկվայում կայացած Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների բանակցությունների վերջին փուլը նպաստեց կողմերի միջև փոխըմբռնման բարելավմանը և մի շարք հարցերի շուրջ նրանց դիրքորոշումների մերձեցմանը»,- եզրափակել է նա։
Փաշինյանը մայիսի 22-ին հայտարարել է, որ Հայաստանի կողմից ճանաչված Ադրբեջանի տարածքը՝ 86․600 քառ. կմ-ը, ներառում է նաև Լեռնային Ղարաբաղը։ «86․600 քառ. կմ-ը ընդգրկում է նաև Լեռնային Ղարաբաղը, բայց միաժամանակ մենք ասում ենք, որ ԼՂ-ի ժողովրդի իրավունքների և անվտանգության հարցը պետք է քննարկվի Ստեփանակերտ-Բաքու ձևաչափով»,- ընդգծել է վարչապետը։ Հաջորդ օրը Հայաստանի ընդդիմությունը հայտարարեց «Ազատ Արցախ-Հայաստան հանրաքվե» շարժման ստեղծման մասին, որը կնախապատրաստի Հայաստանում հանրաքվե՝ Լեռնային Ղարաբաղի ինքնորոշման իրավունքից հրաժարվելու քրեականացման հարցով։ Ավելի ուշ Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը կոչ է արել Երևանին զերծ մնալ Արցախը Ադրբեջանի կազմում ճանաչելուց. «Արցախի համար անընդունելի է ցանկացած հայտարարություն, որն անտեսում է հանրապետության ժողովրդի ինքնորոշման իրավունքը»,-հայտարարել է նա։