Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը Վաշինգտոնում, Բրյուսելում և Մոսկվայում կայացած բանակցություններից հետո խոսել է «զգուշավոր լավատեսության» մասին, ինչպես նաև նշել է Երևանի «կարմիր գծերը» Բաքվի հետ բանակցությունների շրջանակում։
Միրզոյանի խոսքով՝ Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի նախագծում որոշ հոդվածներ վերաբերում են կենսական խնդիրներին, իսկ որոշները՝ փոխլրացնող բնույթի են և բխում են հիմնական պայմանավորվածություններից։ Նա նշել է, որ երկրորդ խմբի վերաբերյալ ավելի հեշտ է պայմանավորվածություններ ձեռք բերելը։
«Նման մի քանի հոդվածների վերաբերյալ համաձայնություն ձեռք բերվեց դեռևս Վաշինգտոնում բանակցությունների փուլից առաջ։ Վաշինգտոնում կայացած բանակցություններում համաձայնեցված հոդվածների թվին ավելացվել է ևս 2 հոդված»,- ասել է նա։
Միևնույն ժամանակ Միրզոյանը նշել է, որ «մեծ հաշվով, ոչինչ վերջնական համաձայնեցված չէ, քանի դեռ ամեն ինչ համաձայնեցված չէ»։ Նախարարի խոսքով՝ կա հոդվածների մեկ այլ խումբ, որոնց վերաբերյալ «մեծ հաշվով երևում են փոխըմբռնումը և ընդհանուր հայտարարը»։ «Եվ կա երրորդ խումբ [հոդվածների], որը վերաբերում է ամենակարևոր, էական խնդիրներին։ Այստեղ, ցավոք, կողմերը դեռ հեռու են համաձայնությունից»,- ասել է նա։
Նախարարի խոսքով՝ Վաշինգտոնում, Բրյուսելում և Մոսկվայում ավելի վաղ պետությունների ղեկավարների և ԱԳՆ-ի մակարդակով անցկացված բանակցությունների 3 փուլերն իրեն «զգուշավոր լավատեսության» հիմք են տալիս։ Նա նշել է, որ այս փուլերում «նույնիսկ ամենաէական խնդիրների շուրջ փոխըմբռնման մթնոլորտում տեղի են ունեցել շատ ավելի խորը, ավելի մանրակրկիտ բանակցություններ»։
Հայաստանի արտգործնախարարը նշել է նաև Երեւանի «կարմիր գծերի» մասին Բաքվի հետ բանակցությունների շրջանակներում։
Նա ընդգծել է, որ նման գծերից է Հայաստանի տարածքային ամբողջականությունը՝ 29․800 քառ. կմ։ «Մեզ համար ՀՀ սահմանների և դրանց ճանաչման համատեքստում առավելագույն որոշակիությունը կարմիր գիծն է։ Իհարկե, մենք չենք պատկերացնում, որ հնարավոր է Ադրբեջանի հետ հարաբերությունների վերջնական կարգավորում, երկարաժամկետ խաղաղություն Հարավային Կովկասում, եթե շարունակվի էթնիկ զտումների վտանգը կախված լինել Լեռնային Ղարաբաղի հայերի գլխին, եթե նրանց անվտանգության երաշխավորման հարցերը և բոլոր իրավունքները չեն լուծվելու»,- շեշտել է նախարարը։