Ադրբեջանի ՊՆ-ն շարունակում է խեղաթյուրել իրականությունը՝ փորձելով հիմնավորել իր ստորաբաժանումների կողմից հրադարի խախտման պարբերաբար արձանագրվող դեպքերը և տեղեկատվական հիմք ստեղծել հերթական սադրանքի համար, հայտնում են ՀՀ և Արցախի պաշտպանության նախարարությունները։
«Ադրբեջանի ՊՆ-ն հերթական ապատեղեկատվությունն է տարածել’ հայտարարելով Ասկերանի շրջանում հունիսի17-ին իր կողմից իբրև թե խափանված և ՊԲ կողմից իրականացվող ամրաշինական աշխատանքների մասին։ Ադրբեջանի Պն-ն, հերթական անգամ խեղաթյուրում է իրականությունը` փորձելով հիմնավորել իր ստորաբաժանումների կողմից հրադարի խախտման պարբերաբար արձանագրվող դեպքերը»,- հայտնել է ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունը։
ՀՀ ՊՆ հայտնել է, որ Ադրբեջանի ՊՆ-ն տեղեկատվական հիմք է ստեղծում հերթական սադրանքի համար` օրվա ընթացքում տարածելով երրորդ ապատեղեկատվությունը։
«Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունն այն մասին, թե իբր ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները ժամը 16:00-ին կրակ են բացել սահմանագոտու արևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, չի համապատասխանում իրականությանը»,- նշված է ՀՀ ՊՆ հաղորդագրության մեջ:
Ավելի վաղ ՀՀ ՊՆ-ն հայտնել էր Ադրբեջանի կողմից տարածվող 2-րդ ապատեղեկատվության մասին։