Հունիսի 18-ին Ելիսեյան պալատը պաշտոնապես ազդարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի պատմական որոշման մասին, ըստ որի՝ Ֆրանսիական դիմադրության հերոս, Հայոց ցեղասպանությունը վերապրած Միսաք Մանուշյանի աճյունը կտեղափոխվի Ֆրանսիայի Պանթեոն, հայտնում են Ֆրանսիայում ՀՀ դեսպանությունից։
Էմանուել Մակրոնը բարձր է գնահատել «Միսաք Մանուշյանի բացառիկ սխրանքը, բոլոր սահմանները հատող հայրենասիրական մղումը», որոնք «ոգեշնչման առանձնահատուկ աղբյուր են Ֆրանսիայի համար»:
Միսաք Մանուշյանն այսպիսով կդառնա առաջին օտարազգի գործիչը, որը մուտք կգործի ֆրանսիացի մեծությունների աճյուններն ամփոփող տաճար՝ դառնալով հայ և ֆրանսիացի ժողովուրդներին միավորող հազարամյա բարեկամության կարևոր խորհրդանիշ, որն առավել ամուր է՝ Միսաք Մանուշյանի նման բացառիկ և վառ անհատների շնորհիվ:
1915 թվականի Հայոց ցեղասպանությունը վերապրած Միսաք Մանուշյանի մեծարմամբ Ֆրանսիան իր երախտագիտությունն է հայտնում նաև բոլոր հայորդիներին, ովքեր, ծնված լինելով օտար հողում, իրենց կյանքը նվիրաբերել են հանուն Ֆրանսիայի ազատության ու ֆրանսիական արժեքների և Ֆրանսիայի արժանի զավակ դարձել իրենց թափված արյամբ։
Միսաք Մանուշյանի պանթեոնիզացիայի արարողությունը, կնոջ՝ Մելինե Մանուշյանի ուղեկցությամբ, նախատեսվում է 2024թ. փետրվարի 21-ին՝ Մանուշյանի և նրա զինակից ընկերների մահապատժի ութսունամյա տարելիցի կապակցությամբ։ Միսաք Մանուշյանը կամփոփվի ֆրանսիացի այնպիսի մեծությունների կողքին, ինչպիսիք են՝ Վիկտոր Հյուգոն, Ժան-Ժակ Ռուսոն, Մարի և Պիեռ Կյուրիները, Էմիլ Զոլան, Ալեքսնադր Դյուման և այլք։