Արցախի Հանրապետության Մարտունու և Մարտակերտի շրջանների ուղղությամբ 2023թ․ հունիսի 28-ի ադրբեջանական զինված ուժերի հերթական սադրանքի հետևանքով զոհված Արմո Աբգարյանը, Գագիկ Բալայանը, Սամվել Թորոսյանը և Երվանդ Թադևոսյանը ոչ միայն իրենց հայրենիքն ու խաղաղ բնակչությանն Ադրբեջանի շարունակական ռազմական ագրեսիայից պաշտպանող անձինք են, այլև մարդիկ, որոնք ունեին ընտանիքներ և առօրյա կյանք, գրել է Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը։
«Նրանցից երկուսը՝ 54-ամյա Արմո Աբգարյանը և 36-ամյա Գագիկ Բալայանը, կամավորներ էին Արցախի Գիշի համայնքից, որոնց հիմնական գործունեությունը գյուղատնտեսությունն էր։ Արմոն ուներ չորս երեխա, որից երկուսը անչափահաս, իսկ Գագիկը՝ չորս անչափահաս երեխա։ Ադրբեջանական հանցավոր ռեժիմը պատասխանատու է 2020 թվականի պատերազմի աղետալի հետևանքների դեմ դեռևս պայքարող արցախցիների այս բոլոր անմարդկային տառապանքների և զրկանքների համար»,- գրել է ՄԻՊ-ը։
Նա շեշտել է, որ Ադրբեջանը, խաղաղության մասին խոսելով, մոլորեցնում է միջազգային հանրությանը՝ միևնույն ժամանակ ուժի և ուժի սպառնալիքի բացահայտ կիրառման ներքո առաջարկելով կա՛մ բռնի հպատակեցում, կա՛մ վտարում սեփական հայրենիքից:
«Քանի դեռ միջազգային բոլոր դերակատաների կողմից Ադրբեջանը չի պատժվում իր հանցավոր գործողությունների և Արցախի ժողովրդի կյանքի և այլ հիմնարար իրավունքների դեմ ուղղված հանցագործությունների համար, խաղաղ գործընթացը օգտագործելու է որպես քողարկում Արցախի էթնիկ զտումների և ցեղասպանության քաղաքականության համար»,- գրել է Ստեփանյանը։
Արձագանքելով Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի հայտարարությանը, որ «եթե ինչ-ինչ սադրանքների ու հակաիրավական գործողությունների դիմեն, ապա այդ անօրինական զինված կազմավորումների հարցը կարող է լուծել ադրբեջանական բանակի ընդամենը մեկ կորպուս, այն էլ՝ ոչ ամբողջական կազմով», ՄԻՊ-ը գրել է․ «Հրադադարի խախտման մեջ պարբերաբար մեղադրելով հայկական կողմին՝ Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը փորձում է արդարացնել սեփական նախաձեռնությամբ հրադադարի ռեժիմի խախտումները, մոլորեցնել միջազգային դերակատարներին և պնդել Արցախի զինված ուժերի ապառազմականացման անօրինական և չհիմնավորված պահանջը»։
Հունիսի 28-ին՝ ժամը 01:30-ից, Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները հրետանային միջոցներից կրակ են բացել Մարտունու և Մարտակերտի հայկական դիրքերի ուղղությամբ` կիրառելով նաև ԱԹՍ-ներ, hայկական կողմն ունի 4 զոհ: Արցախի ԱԺ-ն հանդես է եկել հայտարարությամբ, որտեղ Վաշինգտոնյան բանակցություններում ՀՀ պատվիրակությանը կոչ է արել անհապաղ դադարեցնել մեկնարկած բանակցությունները՝ մինչև Արցախի հետ շփման գծում և ՀՀ սահմաններում լիակատար հրադադարի հաստատումը և այն պահպանելու փաստաթղթային երաշխիքների տրամադրումը: