Հունիսի 27-29-ը Վաշինգտոնում կայացած Միրզոյան-Բլինքեն-Բայրամով եռակողմ բանակացությունների ընթացքում ՀՀ-ի և Ադրբեջանի արտգործնախարարները համաձայնության են հասել «խաղաղության պայմանագրի» մի քանի հոդվածների շուրջ, հայտնում է ՀՀ ԱԳՆ։
«ՀՀ-ի և Ադրբեջանի արտգործնախարարները ու նրանց թիմերը շարունակել են առաջընթացը «Խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին» երկկողմ համաձայնագրի նախագծի շուրջ: Նրանք համաձայնության են հասել համաձայնագրի նախագծի ևս մի քանի հոդվածների շուրջ և գրանցել փոխըմբռնման առաջընթաց՝ միևնույն ժամանակ արձանագրելով, որ մի քանի առանցքային հարցերի շուրջ դիրքորոշումները պահանջում են հետագա աշխատանք»,- ասված է հաղորդագության մեջ:
Նշվում է, որ երկու նախարարներն իրենց գնահատանքն են հայտնել ամերիկյան կողմին Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցությունները հյուրընկալելու համար և հայտնել բանակցությունները շարունակելու իրենց հանձնառությունը:
Եռակողմ բանակցությունները ընթանում էին Վիրջինիա նահանգի Արլինգթոն քաղաքի Ջորջ Շուլցի արտաքին գործերի ազգային ուսումնական կենտրոնում։
ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով գտնվում է Վաշինգտոնում, որտեղ հունիսի 27-ին մեկնարկել է Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման շուրջ բանակցությունների հերթական փուլը։ Հունիսի 27-ին Վաշինգտոնում տեղի ունեցավ ՀՀ-ի և Ադրբեջանի ԱԳ նախարարների և ԱՄՆ պետքարտուղարի հանդիպումը։ Ավելի վաղ Միրզոյանը բանակցություններ է վարել ԱՄՆ պետքարտուղարի հետ։ Հունիսի 28-ին Վաշինգտոնում տեղի ունեցավ ՀՀ-ի և Ադրբեջանի արտգործնախարարների և ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանի եռակողմ հանդիպումը։ ԱՄՆ Պետդեպարտամենտի խոսնակ Մեթյու Միլլերը հայտնել էր, որ Միրզոյան-Բայրամով բանակցությունները Վաշինգտոնում կտևեն մինչև հունիսի 29-ը։