Հայաստանում այսօր՝ հուլիսի 16-ին, նշվում է Քրիստոսի Պայծառակերպության տոնը, որը Հայ առաքելական եկեղեցու հինգ տաղավար տոներից է և կոչում է նաև Այլակերպության տոն կամ Վարդավառ:
Հայաստանի շատ բնակավայրերում, սակայն տեղական ավանդույթի համաձայն, Վարդավառը նշվում է այլ օրերի՝ հուլիսի կեսերից մինչև օգոստոսի սկիզբը։ Որպես օրինակ՝ Տավուշում, Լոռիում այս տոնը նշվում է հուլիսի 20-ին հաջորդող կիրակի օրը։
Վարդավառը հայկական ավանդական տոների շարքում ամենասիրելիներից մեկն է, ամառային ամենասիրված տոնը։ Քաղաքներում Վարդավառն ավելի շատ համարվում է մանկական տոն, երեխաները հենց այդպես էլ ասում են «ջրոցի խաղալ» կամ «Վարդավառ խաղալ», այսինքն՝ ուրախ ջրել անծանոթներին և անցորդներին։
Վարդավառի տոնին նախորդում է շաբաթապահք։ Իսկ հաջորդ օրն, ինչպես տաղավար բոլոր տոներից հետո, Մեռելոց է. բոլոր եկեղեցիներում ննջեցյալների հոգիների համար մատուցվում է Ս. Պատարագ և կատարվում հոգեհանգիստ։
Ծագումնաբանություն
Վարդավառը տարբեր բնակավայրերում ուներ անվանման տարբեր տարբերակներ՝ պայմանավորված հայերենի բարբառային առանձնահատկություններով, ինչպես նաև տոնի գլխավոր ուխտավայրերի ու առավել տարածված բաղադրիչների գերակա անվանումներով։ Այդ անվան տարբերակներից են՝ Վարթավառ (Արճակ), Վարդևոր (Լոռի, Ջավախք, Հարք-Բուլանխ, Կաղզվան), Վարդիվոր (Դերսիմ), Վառթիվոր (Ձնաբերդ), Վըրթէվուր կամ Վըրթէվուր (Արցախ-Վարանդա), Վարթևոր (Նոր Նախիջևան), Վարթիվոր, Ճրճանքի օր (Շաղաթ), Ճրճան (Մարտիրոս-Վայոց Ձոր), Վրթիվեր (Այգեհովիտ-Տավուշ), Վըրդիվուր (Մեղրի), Վարդավար, Վարդըվուր կամ Վարդիվուր (Մոսալեռ), Վարթիվոր (Ղզլար), Պալլամ, Պարլում կամ Պարլամօն (Քեսապ) և այլն։
Ղևոնդ Ալիշանի կարծիքով, վարդավառ բառը ծագել է «վարդ» արմատից է և կապված է Աստղիկ դիցուհու պաշտամունքի հետ։ Ըստ Գրիգոր Ղափանցյանի, վարդավառը խեթերեն բառակազմություն է՝ կազմված «vadar» (ջուր) և «arr» (լվանալ՝ ցնցղել իմաստով) բառերից։ Որոշ հեղինակներ վարդավառ բառը համարում էին սանսկրիտից փոխառված։ Հովհաննես Ծոցիկյանի կարծիքով, այդ բառի միայն առաջին հատվածն է («վարդ») սանսկրիտից թարգմանաբար նշանակում «ջուր», իսկ մյուս հատվածը՝ «ավար» հայերեն է՝ «թափել», «ցայտել» («վայրել» բառարմատից) իմաստով։ Ֆնգլյանի կարծիքով վարդավառ նշանակում է «ջրի ուղի» և կապված է Անահիտ աստվածուհու հետ։ Հունական միջավայրում տոնը ստուգաբանվել է վարդ-ծաղիկ համատեքստում։ Հունարենում «ռոդոն» վարդ է նշանակում, դրանից Ռոդիզմոսը՝ տոնակատարություն, որի ժամանակ գերեզմանները զարդարվում էին վարդերով, Անթիզմոսը՝ անթոս (ծաղիկ) բառից՝ ծաղկում, Անթեփորիա (բառացի՝ ծաղկաբերություն, Pascha rosarum (լատիներեն՝ «Վարդերի Զատիկ), Վարտուվարիա (Վարդավառ՝ հոգնակի)։ Պավլոս Կարոլիդիսը (1849-1930) օրինակ, տոնն անվանել է «Վարդերի Զատիկ»։
«Այլակերպություն» կամ «Պայծառակերպություն» բառի բացատրությունը Քրիստոսի կենսագիրների թողած այն հիշատակությունից է, որի համաձայն՝ Թաբոր կոչված լեռան վրա Քրիստոսի պայծառացած կերպարանքը երևում է Պետրոս, Հովհաննես և Հակոբոս առաքյալներին։
Քրիստոնեություն
Քրիստոնեական ավանդույթի համաձայն այդ օրը Հիսուս Քրիստոսը Պետրոս, Հակոբ և Հովհաննես առաքյալների հետ բարձրանում է Թաբոր լեռան վրա՝ աղոթելու։ Տապից ու հոգնածությունից առաքյալները քնում են, իսկ աղոթող Քրիստոսի վրա լույս է իջնում, նրա դեմքն արևի նման պայծառանում է, իսկ հագի զգեստը ձյունի նման ճերմակում այնպես, որ ամբողջ լեռը ողողվում է լույսով։ Այդ փայլից առաքյալներն արթնանում են և ականատեսը դառնում Քրիստոսի «Պայծառակերպության» և «Այլակերպության» հրաշքի։ Հայ եկեղեցին, Գրիգոր Ա Լուսավորչի կարգադրությամբ, նախկինում տոնել է հայկական տոմարի տարեգլխին, Նոր տարվա առաջին օրը՝ Նավասարդ ամսվա 1-ին, որ համապատասխանում է օգոստոսի 11-ին։ Գրիգոր Ա Լուսավորիչը քրիստոնեացրել է Նավասարդի հեթանոսական այն մեծ տոնը, որը հանդիսավորությամբ կատարվել է հեթանոսական Հայաստանի գլխավոր սրբավայրեր Աշտիշատում և նրանից քիչ հեռու ընկած Իննակնյա մեհյանի շուրջը (Մշո Ս. Կարապետ վանքի տեղում)։ 6-րդ դարում կաթողիկոս Մովսես Բ֊ն (574-604) 551 թվականին Պայծառակերպության տոնը մտցրեց Զատկի տոների շրջանի մեջ և նշանակեց Համբարձման տոնից հետո 7-րդ կիրակի օրը։
Վարդավառը որոշները կապել են նաև Համաշխարհային ջրհեղեղի կամ Նոյյան տապանի նշանավոր իրադարձության հետ։ Ըստ ավանդության, երբ Նոյ Նահապետը, ջրհեղեղից փրկվելով, հասնում է Մասիսի գագաթը և այնտեղից իջնում Նախիջևան՝ այդ օրվանից էլ սկսվում է հայոց Նավասարդ կոչվող ամիսը։ Որպեսզի ջրհեղեղի հիշատակը անմոռաց մնար, Նոյը որդիներին պատվիրեց՝ իրար վրա ջուր լցնել։ Ալիշանը կարծում էր, որ Վարդավառի ծագումը առնչվում էր Նոյան տապանի և Համաշխարհային ջրհեղեղի ավանդության հետ։
Արարողակարգ
Վարդավառի տոնը հնում նշվում էր ժողովրդական մեծ հանդիսություններով։ Վարդավառի ժողովրդական ծիսահամալիրի կենտրոնում գլխավորը ջուրն էր, Վարդաջիրն և խնձորին։ Ըստ տարբեր տվյալների անցյալում ծիսական համալիրում բավականին մեծ տեղ է հատկացվել վարդին, որը դերը հետագայում նվազել է։ Վարդավառի խորհուրդը եղել է ջրի պաշտամունքը, երբ մեծարվել են արգասավորությունն ու պտղաբերությունը հովանավորող բնական տարերքները։ Ավելի վաղ ժամանակներում տոնակատարությունը հիմնականում տեղի է ունեցել սարերում, ջրերի ակունքների մոտ, որոնք համարվել են յուրօրինակ սրբատեղիներ և ուր կատարվել են նվիրատվություններ, գինու հեղում՝ ի պատիվ ջրի տարերքի։ Ջրին աղերսվող ծեսերն ունեցել են անձրև խնդրելու, հնարավոր երաշտը կանխելու նշանակություն։ Ընդհանրացված սովորույթ էր, որ մինչև Վարդավառ խնձոր չուտեին․ տարվա առաջին խնձորը ուտում էին Վարդավառին, ինչպես առաջին խաղողը ուտում էին Խաղողօրհնեքի տոնին։ Որոշ վայրերում առաջին խնձորը վայելելը ուղեկցվում էր հատուկ նախապատրաստություններով, ինչպես Շատախում, որտեղ երիտասարդները Վարդավառի շաբաթ երեկոյան դեզեր էին շինում և մութն ընկնելուն պես սկսում հերթով վառել այդ դեզերը մինչև լուսաբաց բոլորելով կրակի շուրջ, որոնց մեջ խորովվում էին ուտելի առաջին խնձորները։ Լուսաբացից առաջ վառում էին ամենամեծ դեզը, որի շուրջ սկսվում էին տղաների ու աղջիկների խմբապարերը ազդարարելով տոնի սկիզբը։
Վարդավառը նաև բերքահավաքի հետ կապվող առաջին տոներից էր, որի ծեսերը մասամբ նվիրված էին բերք ու բարին ապահովող աստվածություններին՝ տարերքներին։ Վարդավառին սովորաբար մեհյաններին նվիրաբերել են հասկեր, աղերսել, որ արտերն ու այգիները զերծ մնան աղետներից (կարկուտից, մորեխից), ծառերի դալար ոստերով զարդարել են տները, ծաղկեփնջեր նվիրել միմյանց, աղավնիներ թռցրել, կազմակերպել ջրախաղեր, զվարճություններ, խնջույքներ, անասնապահները ծաղիկներով զարդարել են անասունների ճակատները ևս։ Շատ գավառներում Վարդավառին կրկընվել են Տյառնընդառաջի, այլուր՝ մի շարք արարողություններ, օրինակ՝ վիճակ հանելու սովորությունը։ Որոշ տեղերում Վարդավառը տոնել են հաստատուն օր (հուլիսի 22-ից հետո առաջին կիրակի օրը), այլուր՝ Զատկից 98 օր հետո։ Ներկայումս Վարդավառը կորցրել է երբեմնի նշանակությունը. գյուղերում կազմակերպվում են խնջույքներ, զբոսանքներ։ Վարդավառը նշում են նաև կրոնափոխ եղած համշենցիները։
Տոնակատարություն
Վարդավառը ուներ տոնահանդեսի արարողակարգի հաջորդականություն, որ որոշակի հստակեցում էր մտցնում հանդիսությունների շղթայում։ Տոնին բնորոշ ծեսերը ընդհանրական էին, որ ըստ դրանց ամենուր տոնը բնորոշվում էր. այդպիսիք էին, օրինակ, միմյանց վրա ջուր ցողելու, աղավնիներ թռցնելու, միմյանց ծաղիկներ նվիրելու, եկեղեցի հասկեր տանելու և օրհնել տալու սովորությունները, ուխտագնացությունները, զոհաբերությունները, գիշերային հանդեսները և այլն։ Կատարման ժամանակով Վարդավառը համընկնում էր դաշտերում հասունացած հացահատիկների հավաքին։ Տոնի օրը գրեթե ամենուր հասկեր էին տանում եկեղեցի’ խնդրելով, որ դաշտերը կարկուտից ու մորեխից անվնաս մնան։ Ընդհանրացված սովորույթ էր, որ տարվա առաջին խնձորը ուտեն Վարդավառին։ Սարերում Վարդավառի ամենաուրախ հանդեսներին հավաքվում էին լարախաղացներ, կազմակերպվում էին պարեր, տոնավաճառներ, և զբոսախնջույքներ։ Ուխտավայրերում կատարվող վարդավառյան հանդիսությունները երբեմն հիշեցնում էին նավասարդյան տոնահանդեսները։