Ադրբեջանի և Հայաստանի միջև հապճեպ խաղաղության պայմանագիր կնքելու փորձը կարող է ապագայում հանգեցնել նոր հակամարտությունների, նախազգուշացրել է ՌԴ ԱԳՆ-ն։
«Հապճեպ պատրաստված, հում խաղաղության պայմանագիրը կայուն խաղաղություն չի բերի տարածաշրջանին: Ընդհակառակը, դա ապագայում նոր հակամարտությունների ու ողբերգությունների նախադրյալներ կստեղծի։ Առաջնահերթությունը պետք է տրվի ոչ թե արագությանը, այլ հավասարակշռված և փոխըմբռնելի որոշումների որակյալ պատրաստմանը»,- ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում ասել է ՌԴ ԱԳՆ ԱՊՀ երկրների չորրորդ վարչության տնօրեն Դենիս Գոնչարը։
Ռուս դիվանագետն ընդգծել է, որ Երևանից և Բաքվից ստացվող ազդանշանները շուտափույթ խաղաղության հասնելու իրենց հանձնառության մասին չեն նշանակում, որ կողմերը պատրաստ են համաձայնել ցանկացած պայմանի, և որ պետք է լուծումներ գտնել մի շարք բարդ հարցերի շուրջ։
«Դրանցից ամենագլխավորը Ադրբեջանի իրավական դաշտի շրջանակներում Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության անվտանգության ապահովման և համընդհանուր ճանաչված իրավունքների պահպանման խնդիրն է։ Համապատասխան տրամաբանությունը կողմերը ընդգծել են 1991 թվականի Ալմա-Աթայի հռչակագրի վավերականության փոխադարձ հաստատումից հետո։ Պայմանագրի իրականացման համար կա նաև միջազգային աջակցության մեխանիզմի պահանջ, որը կասկածի տակ չի դնի Հայաստանի և Ադրբեջանի ինքնիշխանությունն ու քաղաքական անկախությունը»,- ասել է Գոնչարը։
Նա հավելել է, որ հուլիսի 25-ին Մոսկվայում Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների վերջին հանդիպմանը Ռուսաստանն առաջարկել է փոխզիջումային լուծումներ լարվածության թուլացման համար, որոնք կողմերը վերցրել են «տնային ուսումնասիրության» համար։ Ռուսաստանը հուսով է, որ մարդասիրական նկատառումները, հասարակ մարդկանց նկատմամբ մտահոգությունը կգերազանցի Բաքվի և Երևանի միջև քաղաքական տարաձայնություններին, ընդգծել է Գոնչարը։
Նրա խոսքերով, Մոսկվայում կայացած հանդիպմանը նախարարները քննարկել են նաև Ադրբեջանի և Հայաստանի միջև տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման նախագծային փուլին անցումը։ Խոսքը Երասխ-Ջուլֆա-Մեղրի-Հորադիզ ճանապարհով երկաթուղային հաղորդակցությունը վերականգնելու և կազմակերպելու քայլերի մասին է, մանրամասնել է Գոնչարը։