Ռուսաստանի օրենսդրությունը չի տարածվում Հայաստանում ծառայության և դրա օգտատերերի վրա, քանի որ նրանք ուղևորություններ են կատարում և օգտագործում հավելվածը Ռուսաստանի սահմաններից դուրս, դա չի փոխվի նաև սեպտեմբերի 1-ից հետո, Armenia Today-ին հայտնում են «Yandex Go» ընկերությունից։
Նշվում է, որ հայկական «Ռայդտեխ ԷյԷմ» ՍՊԸ-ն, որը Հայաստանում օգտատերերին տրամադրում է «Yandex Go» ծառայությունը, մշակում է օգտատերերի անձնական տվյալները Հանրապետության օրենսդրությանը համապատասխան, ինչպես նաև ապահովում է տվյալների սուբյեկտների բոլոր նախատեսված իրավունքները:
Համաձայն «Yandex Go»-ի մեկնաբանության՝ Հայաստանում ծառայության աշխատանքի հետ կապված տվյալները կարող են պահանջվել օտարերկրյա (այդ թվում ՝ ռուսական) պետական մարմինների կողմից բացառապես պաշտոնական հարցման միջոցով և միայն սահմանված միջազգային ընթացակարգերի շրջանակներում:
«Մեր ընկերությունը հավատարիմ է անվտանգության քաղաքականության բարձր չափանիշներին, որոնք հաստատված են SOC2/3 տվյալների անվտանգության, մատչելիության, մշակման ամբողջականության և գաղտնիության վերաբերյալ միջազգային հանրային հաշվետվությամբ»,- հավաստիացնում են ընկերությունից:
Ավելի վաղ ԶԼՄ-ները հայտնել էին, թե Ռուսաստանի անվտանգության դաշնային ծառայությունն առանց լրացուցիչ հարցումների սեպտեմբերի 1-ից մուտք կունենա Yandex-ի բազաներ, որոնցում օգտվողների տեխնիկական ու անձնական տվյալներն են պահվում, այդ թվում՝ IP համարը, հեռախոսի համարը, էլեկտրոնային հասցեն, բանկային տվյալները, թե ուր է գնացել հաճախորդն ու անգամ ինչ մեկնաբանություններ է գրել հավելվածում։