Միջազգային հանրության աջակցությունը պետք է հայցել ոչ թե հումանիտար խնդիրների լուծման հարցում, այլ 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության, Արդարադատության միջազգային դատարանի որոշումների կատարման, գազի ու էլեկտրաէներգիայի մատակարարումը վերականգնելու համար, հայտարարել է Արցախի պետնախարար Գուրգեն Ներսիսյանը։
«Միջազգային հանրության աջակցությունը պետք է հայցել ոչ թե հումանիտար խնդիրների լուծման հարցում, այլ 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության, Արդարադատության միջազգային դատարանի 22.02.2023թ. և 06.07.2023թ. որոշումների կատարման, գազի ու էլեկտրաէներգիայի մատակարարումը վերականգնելու համար: Այն կատարվելու դեպքում արցախցին ինքնուրույն լուծելու է իր բոլոր հումանիտար խնդիրները և չի լինելու ոչ ԿԽՄԿ աջակցության և ոչ էլ «փրկության» նոր ճանապարհների կարիքը», – նշել է պետնախարարը։
Ներսիսյանը ընդգծել է, որ Արցախում ստեղծված իրավիճակը 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ կողմերի ստանձնած պարտականությունները չկատարելու հետևանքն է: Հետևաբար ոչ թե պետք է ընդամենը բարձրաձայնել հումանիտար խնդիրներ և փորձել փնտրել դրանց լուծման ուղիները, այլ պետք է հասնել եռակողմ հայտարարության կատարմանը:
Պետնախարարի խոսքերով, մինչ Ադրբեջանը չի կատարում եռակողմ հայտարարությամբ իր պարտավորությունները, հիմնական խոսույթը հումանիտար վիճակի շուրջ է: «Իսկ քանի դեռ դա չկա, ստիպված հիմնական խոսույթը հումանիտար վիճակի շուրջ է, զարմանալիորեն դրա մասին են խոսում նույնիսկ եռակողմ հայտարարության կողմերը:», – հայտարարել է պետնախարարը։