Ադրբեջանցիները կտրել են Արցախում օպտիկամանրաթելային մալուխը՝ հանրապետությունում ցեղասպանության թեմայով ասուլիսից առաջ, տեղեկացրել է Արցախի պետնախարարի խորհրդական Արտակ Բեգլարյանը։
«Երեկ՝ օգոստոսի 17-ին, ժամը 17:55-ին, Լաչինի միջանցքում գտնվող ապօրինի անցակետի տարածքում ադրբեջանական կողմը կտրել է օպտիկամանրաթելային մալուխը՝ խաթարելով Արցախի կայուն հաղորդակցությունը։ Անցած գիշեր արցախցի մասնագետները ռուս խաղաղապահների հետ փորձել են մոտենալ այս հատվածին և վերանորոգել մալուխը, սակայն ադրբեջանական կողմը դա թույլ չի տվել»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Նա մանրամասնել է, որ այսօր առավոտից խաղաղապահների և ադրբեջանական կողմի միջև բանակցություններ են ընթանում, որպեսզի մեր մասնագետները կարողանան վերականգնել վնասված մալուխը։
Բեգլարյանը հավելել է, որ անկայուն ռադիոկապի միջոցով Արցախում հասանելի է շատ սահմանափակ քանակությամբ ինտերնետ, որը նաև մշտապես գտնվում է ադրբեջանական խլացնող համակարգերի ճնշման տակ։
Բեգլարանը պատահական չի համարում, որ այս նոր հանցագործությունը տեղի է ունեցել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստից հետո և Արցախում ցեղասպանության վերաբերյալ նախատեսված ասուլիսից բառացիորեն 5 րոպե առաջ։
«Այս սադրանքի արդյունքում ասուլիսի ժամանակ արցախցի բանախոսները՝ մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը և տեղահանված քաղաքացի Ալվինա Ներսեսյանը, կարողացան կապ հաստատել երկու այլ բանախոսների՝ արտգործնախարար Սերգեյ Ղազարյանի և ՄՔԴ առաջին գլխավոր դատախազ Լուիս Մորենո Օկամպոյի հետ 45 րոպե ուշացումով։ Չնայած Ադրբեջանի ջանքերին՝ ասուլիսը կայացավ, դրան մասնակցեց շուրջ 130 մարդ 27 երկրներից», – ասվում է զեկույցում։
Օգոստոսի 16-ին ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը Հայաստանի խնդրանքով գումարված իր նիստում քննարկել է իրավիճակը Լեռնային Ղարաբաղում։
2022-ի դեկտեմբերի 12-ին մի խումբ ադրբեջանցիներ` «բնապահպանական» պատճառաբանություններով ժամը 10:30-ից փակել են Ստեփանակերտ-Գորիս մայրուղու Շուշի-Քարին տակ հատվածը՝ ոտնահարելով քաղաքացիական բնակչության կենսական շահերն ու իրավունքները: Այսօրվա դրությամբ ճանապարհը շարունակում է փակ մնալ: Արցախի ԱԽ նիստում որոշում է կայացվել դիմել ՌԴ Արցախի Հանրապետությունում տեղակայված ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը՝ անընդունելի համարելով միջանցքի փակումը: Հունիսի 15-ից Ադրբեջանն արգելել է Լաչինի միջանցքով հումանիտար փոխադրումները