Արցախյան պատերազմի ժամանակ, էնպիսի զորավարների են առևանգել՝ Մանվել Գրիգոյանին, Սամվել Բաբայանին, այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը՝ անդրադառնալով օգոստոսի 28-ին Լաչինի ապօրինի անցակետից առևանգված արցախցի երեք երիտասարդների վերաբերյալ հարցին։
«Դուք մոռացել եք, նախկինում էնպիսի առևանգումներ են եղել, առաջին Արցախյան պատերազմի ժամանակ, էնպիսի զորավարների են առևանգել՝ Մանվել Գրիգորյանին, Սամվել Բաբայանին, բայց հետո մենք հաղթանակել ենք։ Այդ առևանգումները, այդ ճոճանակը հիմա շատ վատ ընթացքի մեջ է, բայց մենք նման ընթացք նախկինում ունեցել ենք և հաղթահարել ենք։ Եկեք չվախենանք և չվախեցնենք մեր ժողովրդին»,- ասել է նա։
Քոչարյանը նշել է, որ առևանգումով հակառակորդը շատ սխալ ուղի է բռնել։
Օգոստոսի 28-ին հայտնել էինք, որ Ադրբեջանական կողմը Լաչինի միջանցքում գտնվող ապօրինի անցակետում առևանգել է ռուս խաղաղապահների ուղեկցությամբ Արցախից Հայաստան գնացող ուսանողների։ Ավելի ուշ Արցախի ՄԻՊ-ը հայտնել էր առևանգված քաղաքացիների անունները։ ՀՀ ԱԳՆ-ն հայտարարել էր, որ Ադրբեջանի իրավապահ մարմինների կողմից առևանգված Լեռնային Ղարաբաղի բնակիչներ Ալեն Սարգսյանի, Վահե Հովսեփյանի և Լևոն Գրիգորյանի տեղափոխությունը նախապես համաձայնեցված էր և իրականացվում էր ռուսական խաղաղապահ ուժերի ուղեկցությամբ, որոնք 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 6-րդ կետի համաձայն պետք է վերահսկեին Լաչինի միջանցքով Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի միջև անխափան կապը։
Ավելի ուշ Ադրբեջանի դատախազությունը հայտնել էր առևանգված արցախցիներին 10 օր վարչական կալանքի ենթարկելու մասին։