Սեպտեմբերի 1-ին Գեղարքունիքի մարզի Սոթքում ադրբեջանական ագրեսիայից հետևանքով վիրավորված հայ զինծառայողներից Նարեկ Պողոսյանը շարունակում է գտնվել ծայրահեղ ծանր վիճակում։ Այս մասին Armenia Today-ին հայտնեց ՀՀ ՊՆ խոսնակ Արամ Թորոսյանը։
«Զինծառայող Նարեկ Պողոսյանին բարեհաջող վիրահատել են, սակայն նրա վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր։ Երկրորդ վիրավոր զինծառաձողը ծանր վիճակում է, սակայն նրա կյանքին վտանգ չի սպառնում»,- մանրամասնեց Թորոսյանը։
Հայ-ադրբեջանական սահմանին լարվածության նոր փուլ է սկսվել սեպտեմբերի 1-ին, երբ, ըստ ՀՀ ՊՆ-ի, ժամը 7:50-ից Ադրբեջանի զինված ուժերն ինտենսիվ կրակ են բացել Գեղարքունիքի մարզի Սոթքում և Նորաբակում գտնվող հայկական դիրքերի ուղղությամբ: Հայկական կողմը հայտնել էր ադրբեջանական ստորաբաժանումների կողմից հրետակոծության հետևանքով 4 զոհի և մեկ վիրավորի մասին, Ադրբեջանը հայտնել է երեք վիրավորի մասին։ Ավելի ուշ ՀՀ ՊՆ-ն տեղեկացրել էր, որ զոհված համարվող զինծառայողի սրտի զարկը վերականգնվել է և հայտնել, որ հայկական կողմն ունի 3 զոհ։