Սեպտեմբերի 2-ին, ժամը՝ 03:00-ի սահմաններում, ադրբեջանի կողմից վերահսկվող «Աղքյանդ» կոչվող տարածքից «Սյունիք» (Կապանի) օդանավակայանի ուղղությամբ կրակել են, հայտնում է shamshyan.com-ը:
«Եղել է 3 կրակոց, որից 2-ը դիպչել են օդանավակայանի ժամանման սրահի և կարգավարի սենյակի արտաքին պատերին, ներթափանցել ներս և վնասել գույքը:», – հայտնում է լրատվամիջոցը։
ԶԼՄ-ի հաղորդմամաբ, Սյունիքի մարզային քննչական վարչությունում սպանության փորձ հատկանիշներով նախաձեռնել են քրեական վարույթ:
Ավելի վաղ, օգոստոսի 17-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր Երևան-Կապան կանոնավոր չվերթների մեկնարկի մասին:
Օգոստոսի 18-ին ՀՀ ԱԱԾ-ն հայտնել էր Կապանի օդանավակայանի ուղղությամբ Ադրբեջանի կրակոցների մասին, ինչի հետևանքով վնասվել են օդանավակայանի շենքի պատուհանն ու տանիքը։ Ավելի ուշ Ադրբեջանի խորհրդարանի պաշտպանության, անվտանգության և կոռուպցիայի դեմ պայքարի հանձնաժողովի ղեկավար Զիյաֆեթ Ասկերովը հաստատել էր, որ Սյունիքի օդանավակայանի ուղղությամբ կրակոցները պատահական չեն եղել՝ նշելով, որ օդանավակայանը շատ մոտ է ադրբեջանական դիրքերին, և օդանավակայանից վայրէջք կատարելիս և օդ բարձրանալիս ինքնաթիռները կարող են խախտել Ադրբեջանի օդային տարածքը։ Ի պատասխան
Բաքվի հայտարարությանը՝ Հայաստանի քաղավիացիայի կոմիտեն հայտնել էր, որ թռիչքներն իրականացվում են բացառապես Հայաստանի օդային տարածքում։