Հայաստանն Ադրբեջանից ոչ մի տարածքային պահանջ չունի և նույնն ակնկալում է Ադրբեջանից, հայտարարել է ՀՀ ԱԳՆ-ն՝ արձագանքելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթից հետո Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության տարածած հայտարարությանը։
«ՀՀ-ը հավատարիմ է 2022թ. հոկտեմբերի 6-ին Պրահայում, 2022թ. հոկտեմբերի 31-ին Սոչիում և 2023թ. մայիսի 14-ին Բրյուսելում ձեռքբերված պայմանավորվածություններին, ինչով վերահաստատվել է Հայաստանի և Ադրբեջանի կողմից փոխադարձաբար միմյանց տարածքային ամբողջականության անվերապահ ճանաչումը։ Հայաստանն Ադրբեջանից ոչ մի տարածքային պահանջ չունի և նույնն ակնկալում է Ադրբեջանից, որը մինչ օրս հրապարակայնորեն չի հաստատել իր հավատարմությունն այդ պայմանավորվածություններին»,- ասվում է հայտարարության մեջ։
Նախարարությունից նշում են, որ Հայաստանը շահագրգռված չէ ռազմական էսկալացիայով և պատրաստ է ակտիվ ջանքեր ներդնել խաղաղաության պայմանագրի ստորագրումն իրականացնելու համար։
«Ակնհայտ է, որ Լաչինի միջանցքի արգելափակումը, Լեռնային Ղարաբաղում հաստատված հումանիտար ճգնաժամը և Բաքու-Ստեփանակերտ երկխոսության բացակայությունը՝ միջազգային մեխանիզմի շրջանակներում, չի նպաստում տարածաշրջանում մթնոլորտի բարելավմանը»,- ասված է հայտարարությունում:
Ավելի վաղ Ադրբեջանի ԱԳՆ-ն «քաղաքական մանիպուլյացիա» էր անվանել ՀՀ վարչապետի հայտարարությունները։ Այսօր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստում հայտարարել էր, որ Ադրբեջանն իր գործողություններով ի ցույց է դնում ընդդեմ ԼՂ-ի և ՀՀ-ի նոր ռազմական սադրանք ձեռնարկելու մտադրությունը։ Վարչապետի խոսքով՝ միջազգային հանրությունը, ՄԱԿ-ի ԱԽ անդամ երկրները պետք է լրջագույն միջոցներ ձեռնարկեն մեր տարածաշրջանում նոր պայթյունը կանխելու համար։