Ադրբեջանական իշխանությունը Հայաստանի ու Արցախի հետ սահմանին կուտակում է նաև հատուկ նշանակության զինված ստորաբաժանումներ (Յաշմա և Կոմանդո), – գրել է ՀՀ նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը։
Նրա խոսքով, սա նույն ձեռագիրն է, ինչ կար 2020թ. սեպտեմբերի 27-ից առաջ: Նախկին օմբուդսմենը նշել է, որ այս ստորաբաժանումները թե´ 2016թ. ապրիլյան քառօրյա, թե´ 2020թ. 44-օրյա, թե´ 2022թ. սեպտեմբերի 13-14-ի ադրբեջանական սանձազերծած պատերազմների ժամանակ աչքի են ընկել առանձնակի դաժանություններով (խոշտանգումներ, մարմնի մասնատումներ և այլն):
«Անկախ ամեն ինչից` այս զինված ստորաբաժանումները պատերազմական հանցանքների կատարողներ են և նրանցից որևէ մեկը չի պատժվել, նրանց հովանավորում է ադրբեջանական բարձրագույն իշխանությունը: Մենք իրականացնում ենք ապացույցների առավել հիմնավոր ամրագրում` ադրբեջանական հանցանքների, դրանց մտադրությունների, պետական քաղաքականության վերաբերյալ հիմնավորումների համար», – գրել է նա:
Ավելի վաղ Արցախի պաշտպանության նախարարությունը տեսանյութ է հրապարակել շփման գծում ադրբեջանական զինուժի կուտակումների մասին։