Միջազգային խաղաղապահ առաքելություններում մասնակցության նախապատրաստման շրջանակում սեպտեմբերի 11-ին ՊՆ խաղաղապահ բրիգադի «Զառ» ուսումնական կենտրոնում ազդարարվել է «Արծիվ գործընկեր-2023» հայ-ամերիկյան զորավարժության մեկնարկը, հայտնում է ՀՀ ՊՆ-ն։
Համատեղ զորավարժության բացման հանդիսավոր արարողությանը ներկա է եղել ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ, պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանը։
Նշվում է, որ զորավարժության օրերին կխաղարկվի հակամարտող կողմերի միջև կայունացման ապահովման գործողություններ՝ խաղաղապահ առաջադրանքների կատարմամբ։
Գերատեսչության փոխանցմամբ՝ զորավարժության նպատակն է բարձրացնել միջազգային խաղաղապահ առաքելությունների մասնակցող ստորաբաժանման փոխգործակցելիության մակարդակը խաղաղապահ գործողությունների շրջանակում, իրականացնել կառավարման և մարտավարական հաղորդակցման լավագույն փորձի փոխանակում, ինչպես նաև բարձրացնել հայկական ստորաբաժանման պատրաստվածությունը՝ ՆԱՏՕ/ԳՀԽ «Օպերատիվ կարողությունների հայեցակարգ»-ի պլանային գնահատման համար: