Արցախի Հանրապետության նախագահ Սամվել Շահրամանյանը աշխատանքային խորհրդակցություն է հրավիրել ու շրջափակման հետևանքով հանրապետությունում ստեղծված իրավիճակի հաղթահարման մեխանիզմների վերաբերյալ հանձնարարականներ տվել, տեղեկացրել են ԱՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից։
Նախագահ Շահրամանյանը նշել է, որ կառավարությունը պետք է օպերատիվ միջոցներ ձեռնարկի հանրապետությունում առկա պարենային ռեսուրսների կետրոնացման, բնակչությանը կենսական նշանակության ապրանքների տրամադրման գործընթացը կտրոնային համակարգի միջոցով կազմակերպելու ուղղությամբ:
«Մենք պետք է անհապաղ արձագանքենք բնակչության շրջանում առկա դժգոհություններին, օգտագործեք բոլոր անհրաժեշտ միջոցները գյուղատնտեսական ապրանքների գնաճը կանխելու, գները կարգավորելու և առկա սուղ միջոցներն արդար բաշխելու համար»-ընդգծել է երկրի ղեկավարը:
Նա անդրադարձել է նաև ռուս խաղաղապահների ու Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ուղեկցությամբ Արցախից Հայաստանի Հանրապետություն քաղաքացիական անձանց տեղափոխման խնդրներին: Սամվել Շահրամանյանը նշել է, որ այդ գործընթացը պետք է իրականացվի խիստ վերահսկողության պայմաններում, թափանցիկ ու գործող կարգերին համաձայն: Այդ համատեքստում երկրի ղեկավարն ընդգծել է տեղերում աշխատանքային խմբեր ստեղծելու անհրաժեշտությունը:
2022-ի դեկտեմբերի 12-ին մի խումբ ադրբեջանցիներ` «բնապահպանական» պատճառաբանություններով ժամը 10:30-ից փակել են Ստեփանակերտ-Գորիս մայրուղու Շուշի-Քարին տակ հատվածը՝ ոտնահարելով քաղաքացիական բնակչության կենսական շահերն ու իրավունքները: Այսօրվա դրությամբ ճանապարհը շարունակում է փակ մնալ: Արցախի ԱԽ նիստում որոշում է կայացվել դիմել ՌԴ Արցախի Հանրապետությունում տեղակայված ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը՝ անընդունելի համարելով միջանցքի փակումը: Հունիսի 15-ից Ադրբեջանն արգելել է Լաչինի միջանցքով հումանիտար փոխադրումները։