ՀՀ ոստիկանությունը խլացուցիչ նռնակներ է կիրառել կառավարության շենքի մոտ ի պաշտպանություն Արցախի բողոքի ակցիա իրականացնող քաղաքացիների ուղղությամբ։
Երեկոյան բախում է տեղի ունեցել ՀՀ իշխանությունների հրաժարականը պահանջող ցուցարարների և ոստիկանների միջև, որի ժամանակ ցուցարարները փորձել են ճեղքել ոստիկանական շղթան։
Մոտ 20 րոպե տևած բախումներից հետո ոստիկանությունը խլացուցիչ նռնակներ է օգտագործել և ցուցարարներից մի քանիսին հեռացրել կառավարության շենքից: Նռնակների կիրառման արդյունքում, նախնական տվյալներով, տուժել է երկու քաղաքացի։ Ցուցարարների կողմից ոստիկանների վրա շշեր ու քարեր են նետվել, կոտրվել են կառավարության դռների ապակիները։
Սա ցուցարարների և ոստիկանների միջև երկրորդ բախումն է։ Առաջին միջադեպը տեղի էր ունեցել ժամը 18:00-ի սահմաններում, սակայն բախումները բավականին արագ դադարեցվել էին։