Հայաստանում Ռուսաստանի դեսպանատունը հայտնել է, որ դիվանագիտական ներկայացուցչության շենքը արգելափակվել է ցուցարարների կողմից։ Այս կապակցությամբ դեսպանությունը նոտա է հղել Հայաստանի արտգործնախարարությանը։
«Մենք ուշադրություն դարձրեցինք Հայաստանում ՌԴ դեսպանատան շենքի մոտ բողոքի ակցիա անցկացնելու մասին համացանցում տարածված կոչերին։ Նրանց հայտնվելուց հետո դիվանագիտական առաքելությունն արգելափակվել է նախ մասամբ, ապա՝ ամբողջությամբ։ Նորմալ գործունեությունը շարունակում է անհնարին լինել: Մենք կապի մեջ ենք Հայաստանի Հանրապետության իրավասու մարմինների հետ։ Մենք նոտա ենք հղել Հայաստանի արտաքին գործերի նախարարություն՝ նպատակ ունենալով միջոցներ ձեռնարկել դեսպանատան բնականոն գործունեությունը դիվանագիտական հարաբերությունների մասին Վիեննայի կոնվենցիայով ստանձնած պարտավորություններին համապատասխան վերականգնելու համար», – ՏԱՍՍ-ը մեջբերում է դեսպանատան հայտարարությունը:
Ավելի վաղ Հայաստանում ՌԴ դեսպանատան մուտքի մոտ բողոքի ակցիա էր սկսվել Հայաստանի իշխանությունների և տարածաշրջանում ռուսական քաղաքականության դեմ։ «Ռուսաստանը թշնամի է» և «Նիկոլը՝ դավաճան», վանկարկել են, մասնավորապես, ցուցարարները։ Բախումներ են տեղի ունեցել նաև ցուցարարների և ոստիկանների միջև։