Հայաստանի Երրորդ Հանրապետության առաջին վարչապետ Վազգեն Մանուկյանը լրագրողների հետ զրույցում հայտնել է ընդդիմության առաջիկա ծրագրերը՝ տեղեկացնելով, որ այսօր՝ ժամը 18։00-ին, Հանրապետության հրապարակում հանրահավաք է սպասվում։
Անդրադառնալով կառավարության շենքը շրջափակելուն, որպեսզի այսօր կառավարության նիստ չլինի, Մանուկյանը նշել է, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը երկու տարբերակ ուներ։ «Կա՛մ շենքը պետք է փոխեր, կա՛մ ժամը։ Իրենք ժամը փոխեցին՝ 10։00-ին սկսեցին։ Մինչ այդ տարբեր ուղղություններից եկող մեր տղաներից մի քանիսին ձերբակալել են, այդ թվում՝ Անդրանիկ Թևանյանին, ինչն սպասելի էր»։
Նրա խոսքով՝ Փաշինյանը, ժողովրդից վախենալով, իր որոշումների մեջ փոփոխություններ է մտցնում։ «Այսօր կշարունակվեն անհնազանդության ակցիաները, ժամը 18։00-ին հանրահավաք ունենք։ Կամփոփենք վերջին երկու օրվա ընթացքում տեղի ունեցածը, կմտածենք՝ ինչ է պետք անել։ Պետք է քննարկել՝ ինչ տեղի ունեցավ ՄԱԿ-ի Անվտանգության նիստում, ինչ է տեղի ունենում Արցախում»,- ասել է նա։
Ըստ Մանուկյանի՝ իրավիճակն էապես տարբերվում է «Փրկության» ու «Դիմադրության» շարժումների ժամանակ առկա իրավիճակից։ «Առաջինի դեպքում մարդկանց մեծ մասը շփոթված էր և կողմնորոշված չէր։ Երկրորդ դեպքում՝ Փաշինյանը հանրության մեջ որոշակի կշիռ ուներ։ Այժմ ես չեմ ասի, որ ժողովրդի մեծ մասը մեր կողմն է, բայց ժողովրդի ճնշող մեծամասնությունը Նիկոլի դեմ է։ Այս անգամ նա չի կարող խուսափել պարտությունից»,- ասել է նա։
Մանրամասն՝ տեսանյութում։