ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանն ու Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը քննարկել են Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին առնչվող հարցեր, հայտնում են ՀՀ նախագահի գրասենյակից։
Նշվում է, որ մարզպետը նախագահին մանրամասներ է ներկայացրել մարզում տիրող ընդհանուր իրավիճակի` մասնավորապես Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված բնակչության կարիքների գնահատման, շարունակաբար իրականացվող հումանիտար օգնության ծրագրերի և հետագա անելիքների վերաբերյալ:
«Նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհակալություն է հայտնել մարզպետին ճգնաժամային իրավիճակում մարզում կատարված հսկայածավալ աշխատանքների արդյունավետ կազմակերպման, ծանր պայմաններում հետևողականության համերաշխության մթնոլորտի լիարժեք պահպանության համար: Իր խոսքում Հանրապետության նախագահն ընդգծել է, որ նման մասշտաբային հիմնախնդրին համարժեք դիմակայությունը հնարավոր է դարձել կառավարության կառուցողական ու գործուն քայլերի և պետական գերատեսչությունների միասնական ու համակցված աշխատանքի շնորհիվ, ինչը նաև դրական արձագաքնների է արժանացել միջազգային դիտորդների և կազմակերպությունների ներկայացուցիչների կողմից»,- ասված է հաղորդագրության մեջ։
Մարզպետն իր հերթին նշել է, որ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված բնակչությանն աջակցելու աշխատանքները կազմակերպվել են արտակարգ ռեժիմում՝ մեծաթիվ կամավորների աջակցությամբ, բռնի տեղահանվածների առաջնային անհրաժեշտության խնդիրները հրատապ լուծումներ ստանում են և ներկայիս ծրագրերն առավելապես միտված են բնակարանային կարիքների և աշխատատեղերի ապահովմանը:
Սեպտեմբերի 19-ին Ադրբեջանը լայնամասշտաբ հարձակում էր սկսել Արցախի Հանրապետության նկատմամբ։ Վերջին տվյալներով՝ Արցախի դեմ ադրբեջանական ագրեսիայի հետևանքով կա 200 զոհ (10 խաղաղ բնակիչ, այդ թվում՝ 5 երեխա) և 400 վիրավոր (40 խաղաղ բնակիչ, այդ թվում՝ 13 երեխա)։ ԼՂ-ից բռնի տեղահանված անձնաց թիվը կազմում է 100․632։