Բանակում վերջին 3 տարիներին ունենք ինքնավնասումների ու մահացության դեպքերի աճ, ինչը խիստ մտահոգիչ է, Մարդու իրավունքների պաշտպանին առընթեր Զինված ուժերում մարդու իրավունքների պաշտպանության հարցերով փորձագիտական խորհրդի ընդլայնված նիստի ժամանակ հայտարարել է ՄԻՊ աշխատակազմի Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների իրավունքների պաշտպանության բաժնի պետ Անդրանիկ Եղոյանը։
«Զինված ուժերի մարտունակությունն ուղիղ կապված է զինվորական կարգապահության հետ։ Բանակում վերջին 3 տարիներին ունենք ինքնավնասումների ու մահացության դեպքերի աճ, ինչը խիստ մտահոգիչ է: Պաշտպանի աշխատակազմում այս պահին ակտիվ վարույթներում են գտնվում խաղաղ պայմաններում զինծառայողների մահվան դեպքերով մի շարք դիմում֊բողոքներ և քննարկման ընթացակարգեր: Այս բոլոր խնդիրները մենք դասակարգում ենք ինչպես թեժ գծի ահազանգերի, գրավոր և բանավոր բողոքների, ԶԼՄ հրապարակումների, այնպես էլ՝ զորամասեր մշտադիտարկման այցերի և զինվորականների հետ առանձնազրույցների հիման վրա»,- ասել է նա՝ ներկայացնելով խաղաղ պայմաններում մահվան դեպքերը և բանակում կարգապահության ամրապնդման հետ կապված խնդիրները:
Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը հատուկ ընդգծել է, որ զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների իրավունքների և ընդհանրապես Զինված ուժերում մարդու իրավունքների պաշտպանության հարցերն իր առաջնահերթություններից են։
«Ինձ հասցեագրված անհատական բողոքները, թեժ գծին ստացվող ահազանգերը, զորամասեր և զինվորական մյուս հաստատություններ մեր այցերը, ինչպես նաև զինծառայողների ու նրանց ընտանիքների անդամների հետ անընդհատ շփումները հնարավորություն են տալիս վեր հանել համակարգային ու ընթացիկ խնդիրները և դրանք դարձնել քննարկումների առարկա` նպատակ ունենալով գտնել խնդիրների լուծման կառուցակարգեր»,- ասել է նա:
Նշվում է, որ Եվրոպայի խորհրդի «Մարդու իրավունքների խթանումը Հայաստանի զինված ուժերում» ծրագրի աջակցությամբ կազմակերպված կլոր-սեղան քննարկմանը մասնակցել են Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի, Եվրոպայի խորհրդի, Ազգային ժողովի, Պաշտպանության նախարարության, Գլխավոր դատախազության, Քննչական կոմիտեի, Ազգային անվտանգության ծառայության, Անվտանգության խորհրդի գրասենյակի, Փաստաբանների պալատի, Հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ:
Բացման խոսքով հանդես են եկել ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը, Եվրոպայի խորհրդի Թրանսվերսալ մարտահրավերների և բազմակողմ ծրագրերի իրականցման վարչության ղեկավար Տիգրան Կարապետյանը, ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Արման Սարգսյանը և ՀՀ ԱԺ Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը։
ՄԻՊ գրասենյակի փոխանցմամբ՝ խորհրդի նիստում քննարկվել են նաև վարժական հավաքների գործընթացում անձանց իրավունքների պաշտպանության վիճակը, Մարդու իրավունքների պաշտպանին հասցեագրված բողոքների, Պաշտպանի աշխատակազմի զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների իրավունքների պաշտպանության բաժնի իրականացրած տարբեր մշտադիտարկման այցերի ընթացքում վերհանված խնդիրները և դրանց լուծման ուղիները։