Ադրբեջանից պարբերաբար իրարամերժ հայտարարություններ են հնչում Նախիջևանն Ադրբեջանի մյուս տարածքներին կապող ճանապարահը Հայաստանի կամ Իրանի տարածքով անցկացնելու մասին։ Թուրքիայի նախագահ Էրդողանն օրերս հայտնել էր, որ եթե Հայաստանը չի կամենում իր տարածքով միջանցք տրամադրել, ապա այն կարող է անցնել նաև Իրանի տարածքով։ Ավելի ուշ Ադրբեջանի նախագահ Ալիևը հայտարարել էր, որ Սյունիք է մտնելու, սակայն ոչ թե զրահամեքենաներով, այլ խաղաղ եղանակով։ Թեմայի մասին Armenia Today-ը զրուցեց քաղաքագետ Հրանտ Միքայելյանի հետ։
Նրա խոսքով՝ Իրանն առաջարկել է իր տարածքով ճանապարհ, որպեսզի արտատարածքային միջանցքի հարց չծառանա։
«Իրանը գիտի, որ իր տարածքով ճանապարհն ինքն է վերահսկելու, իսկ ՀՀ-ով անցնելու դեպքում Ադրբեջանն ու Թուրքիան միասնաբար կարողանալու են Հայաստանին ճնշել։ Այդ պատճառով է Իրանն առաջարկում իր տարածքով անցնելու տարբերակն ու, կարծես թե, նախնական համաձայնություն կա»,- ասաց Միքայելյանը։
Ըստ փորձագետի՝ սա չի նշանակում, որ, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» հարցը դուրս է եկել, պարզապես այս պահի դրությամբ մի քիչ պասիվ է։
«Ինչ վերաբերում է նրան, որ երկաթգիծն անցնի ՀՀ տարածքով, ապա խոսվում է նաև դրա մասին, քանի որ նախկինում ՀՀ տարածքով է անցել և չի ստացվի վերաարդիականացնել, եթե այժմ ՀՀ տարածքով չանցնի։ Իսկ ավտոճանապարհը կարող է նաև այլ տեղով անցնել»,- ասաց փորձագետը։
Ըստ նրա՝ հստակ չէ, թե ինչ պլաններ ու նպատակներ ունի Ալիևը, քանի որ ամբողջությամբ դա բացահայտ չէ, սակայն մենք ինչքան հնարավոր է՝ պետք է այս ամենին խանգարենք։ «Չենք կարող ազդել նրանց պլանների վրա, բայց դրանք իրագործելու վրա՝ կարող ենք»,- ասաց Միքայելյանը՝ նշելով, որ վարվող քաղաքականությունը հետևյալն է․ նրանք փորձում են Հայաստանի հաշվին իրենց հարցերը լուծել, որին պետք է խանգարել։
«Ադրբեջանի ու Թուրքիայի համար Հայաստանը հարմար կերպարում է հանդես գալիս, և այդ կերպարը ենթադրում է, որ ՀՀ հաշվին կարելի է ցանկացած խնդիր լուծել ու դա հեշտությամբ մարսել։ Այդ հեշտությամբ, էժան մարսելու հարցը պետք է արանքից դուրս գա»,- նշեց քաղաքագետը՝ հավելելով, որ հակամարտությունների գինը այդ միավորումների համար պետք է բարձրացնել։
«Ադրբեջանի ռազմավարական դիրքորոշումը ստուգված է և այն Հայաստանի պետականության դեմ է, այդ կարողությունից պետք է Հայաստանը նրան զրկի»,- եզրափակեց Միքայելյանը։