Ֆրանսիայի պաշտպանության նախարար Սեբաստյան Լեկորնուն հայտարարել է, որ Փարիզը և Երևանը կիրակի օրը կձևակերպեն ֆրանսիական սպառազինությունների մատակարարման մասին համաձայնագրեր, մասնավորապես՝ հակաօդային պաշտպանության ոլորտում, հայտնում է Ռիա Նովոստին՝ վկայակոչելով ֆրանսիական «Le Parisien» թերթին։
«Հայաստանին պետք է թույլ տրվի պաշտպանել իր խաղաղ բնակչությանը և ապահովել իր սահմանները։ Վաղը մենք կպաշտոնականացնենք Հայաստանի կողմից ֆրանսիական արտադրողներից որոշակի քանակությամբ սպառազինությունների ձեռքբերումը, մասնավորապես, պայմանագիր ստորագրելով, որը թույլ կտա երկրին ապահովել իր երկնքի պաշտպանությունը»,- ասել է նախարարը թերթին տված հարցազրույցում։
Հոկտեմբերի 3-ին Ֆրանսիայի արտգործնախարար Կատրին Կոլոննան հայտնել էր, որ Փարիզը պատրաստ է պայմանագիր կնքել Երևանի հետ, որը Հայաստանին ռազմական տեխնիկա կտրամադրի։